Տարանտինոյին մեղադրել են սեքսիզմի մեջ. նա Կաննի փառատոնում ներկայացրել է նոր ֆիլմն ու արժանացել քննադատության
Ֆրանսիայում այս օրերին ընթացող Կաննի կինափառատոնի ժամանակ կայացել է հոլիվուդյան ռեժիսոր Քվենթին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի պրեմիերան, որի ավարտից հետո ռեժիսորին մեղադրել են սեքսիզմի մեջ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Պատճառը դերասանուհի Մարգո Ռոբիի ռեպլիկների փոքրաթիվ լինելն ու ֆիլմում կանանց նկատմամբ դաժան վերաբերմունքն է: Տարանտինոն հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին և հերքել է իր հասցեին հնչած բոլոր մեղադրանքները: Նա ընդգծել է, որ նմանատիպ քննարկումները կարող են փչացնել հանդիսատեսի` ֆիլմի դիտումից ստացած տպավորությունները:
Ֆիլմում Ռոման Պոլանսկու կնոջը՝ Շերոն Թեյթին մարմնավորած Մարգո Ռոբին ավելի մեղմ է արձագանքել: Նա նշել է, որ էկրանային տեսարանները ցույց են տալիս, որ իր հերոսուհին կարող է իրեն բացահայտել նույնիսկ առանց խոսքերի: Ռոբին հավելել է, որ համաձայնվել է կատարել դերը, քանի որ այդպես վառ կպահեր Թեյթի հիշատակը և նշել է, որ Ռոման Պոլանսկու երկրպագուն է հանդիսանում:
«Մի անգամ Հոլիվուդում»-ը համարվում է փառատոնի գլխավոր ֆիլմը: Այն մեծ էկրաններին կցուցադրվի հուլիսի 26-ից: Ֆիլմում հանդես են գալիս նաև հոլիվուդյան հայտնի դերասաններ Լեոնարդո Դի Կապրիոն և Բրեդ Փիթը:










