450 մլն դոլար. Լուվրը հրաժարվել է Դա Վինչիին նվիրված խոշոր ցուցահանդեսում ներկայացնել աշխարհի ամենաթանկ կտավը

10:20 • 27.05.19

2017թ. հեղինակավոր Christie’s աճուրդի տան կողմից ռեկորդային գնով վաճառված «Սալվատորե Մունդի» կտավը, որի  համար վճարվել էր 450 մլն դոլար, չի ցուցադրվի Լեոնարդո դա Վինչիի մահվան 500-րդ տարելիցին նվիրված փարիզյան խոշոր ցուցահանդեսին:

Ինչպես նշում է The Guardian-ը, որոշման պատճառն այն է, որ Լուվր թանգարանի մասնագետները վստահ չեն, որ կտավն իրականում պատկանում է Վերածննդի դարաշրջանի հանճար Դա Վինչիի վրձնին:

Ամբողջ աշխարհում հարգանք վայելող մասնագետների մի մասը ասում է, որ կտավի հեղինակն իսկապես Դա Վինչին է, մինչդեռ մյուսներն այլ տեսակետ ունեն: Ուստի՝ Լուվրը չի կարող այն ցուցադրել, քանի դեռ վստահ չէ, որ դա իսկապես Դա Վինչիի աշխատանքներից է:

Հայտնի է, որ կտավն աճուրդում ձեռք էր բերել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ բին Սալմանը, որը կտավը պետք է փոխանցեր Աբու Դաբիում Լուվրի մասնաճյուղին: Այնուհետև կտավն Աբու Դաբիից պետք է ուղարկվեր Փարիզ, որտեղ այն կցուցադրվեր նկարչի մահվան 500-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսին:

 

450 մլն դոլար. Լուվրը հրաժարվել է Դա Վինչիին նվիրված խոշոր ցուցահանդեսում ներկայացնել աշխարհի ամենաթանկ կտավը