Մի քանի առաջատար տեխնոլոգիական ընկերություններ արգելել են իրենց աշխատակիցներին շփվել Huawei-ի աշխատակիցների հետ. Reuters
ԱՄՆ-ի և այլ երկրների մի քանի խոշոր տեխնոլոգիական ընկերություններ չինական Huawei ընկերության՝ ԱՄՆ իշխանությունների կողմից «սև ցուցակում» ընդգրկվելու ֆոնին արգելել են իրենց աշխատակիցներին կապ հաստատել այդ ընկերությունում իրենց գործընկերների հետ, գրում է Reuters-ը:
Գործակալության տվյալներով՝ այդ ընկերությունների շարքում են Intel-ը, Qualcomm-ը, LG Uplus հարավկորեական բջջային օպերատորը և այլն: Այս ընկերությունների աշխատակիցներին արգելվել է նաև Huawei-ի հետ տեխնոլոգիական չափանիշներին վերաբերող համատեղ քննարկումներ ունենալ:
Գործակալությունը նշում է, որ տեխնոլոգիական ընկերությունների միջև հանդիպումները, այդ թվում՝ ոչ պաշտոնական, սովորական բնույթ են կրում: Դրանք անհրաժեշտ են ինժեներների կողմից տարբեր հաղորդակցական տեխնոլոգիաների տեխնիկական չափանիշները քննարկելու համար, ինչպիսին, օրինակ, նոր սերնդի 5G ցանցն է:
Հիշեցնենք, որ Չինաստանին առևտրային պատերազմ հայտարարած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթներ առաջ սրել էր իրավիճակը՝ Huawei ընկերությանը լրտեսության համար մեղադրանքներով «սև ցուցակում» ընդգրկելով, ինչի հետևանքով Google ընկերությունը և համակարգչային չիպերի մի շարք արտադրողներ սահմանափակել կամ ամբողջությամբ դադարեցրել էին Huawei-ի հետ համագործակցությունը:
Ի պատասխան ամերիկյան պատժամիջոցների՝ մայիսի 31-ին Պեկինը հայտարարել էր արտասահմանյան «անհուսալի» ընկերությունների ցանկ հրապարակելու մասին, որում նշված կլինեն չինական ձեռնարկությունների շահերին վնասող ընկերությունների, կազմակերպությունների ու անձանց անունները:










