Համացանցում կեղծ տեսանյութ է հայտնվել, որում «Ցուկերբերգը» խոսում է միլիարդավոր մարդկանց կյանքը վերահսկելու մասին (տեսանյութ)

17:51 • 13.06.19

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում «Մարկ Ցուկերբերգը» տեսախցիկի առաջ խոսում է մարդկանց ապագան կառավարելու մասին:

«Մի պահ պատկերացրեք` մի մարդ վերահսկում է միլիարդավոր մարդկանց տվյալները՝ բոլոր նրանց գաղտնիքները, նրանց կյանքն ու ապագան»,-ասում է ենթադրյալ Ցուկերբերգը՝ Facebook սոցկայքի հիմնադիրը:

Տեսանյութի հերոսի ձայնը նման է Ցուկերբերգի ձայնին, իսկ դեմքի միմիկան և շրթունքները շարժվում են նրա արտաբերած խոսքերին համապատասխան:

Ինչպես նշում է digitaltrends.com-ը, տեսանյութը կեղծվել է արհեստական բանականության CannyAI ծրագրի միջոցով, որն ուսումնասիրում է տվյալ անձի մասնակցությամբ իրական տեսանյութերը և արդյունքում նրա միմիկան ու շրթունքների շարժումը նմանակող տեսանյութ ստեղծում:

Հայտնի է, որ վերջերս կեղծ տեսանյութի զոհ էր դարձել նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին:

Կեղծ Ցուկերբերգի մասնակցությամբ տեսանյութը 5 օր է՝ տեղադրված է Instagram սոցկայքում, սակայն միլիարդատերն անձամբ այն ջնջելու մասին պահանջով հանդես չի եկել: Սոցկայքերի օգտատերերը պահանջել են հեռացնել այն:

Տեսանյութում հայտնվել է նաև CBSN հեռուստաալիքի լոգոտիպը: Հեռուստաալիքը պահանջել է համացանցային հարթակներից հեռացնել իր լոգոտիպն առանց թույլտվության օգտագործող կեղծ տեսանյութը:

Համացանցում կեղծ տեսանյութ է հայտնվել, որում «Ցուկերբերգը» խոսում է միլիարդավոր մարդկանց կյանքը վերահսկելու մասին (տեսանյութ)