Հնդկաստանը մտադիր է մինչև 2030 թվականը սեփական տիեզերակայանը ստեղծել

18:42 • 13.06.19

Տիեզերական հետազոտությունների հնդկական կազմակերպությունը (ISRO) մտադիր է մինչև 2030 թվականը ստեղծել և ուղեծիր ուղարկել սեփական կայանը միկրոձգողականության պայմաններում փորձարկումներ իրականացնելու համար:  РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է տիեզերական գործակալության ղեկավար Կայլասավադիվու Սիվանը:

«Մենք պետք է շարունակենք «Գագանյան» ծրագրի իրագործումը տիեզերք առաքելություն ուղարկելուց հետո: Այս առումով Հնդկաստանը մտադիր է սեփական տիեզերակայանը ստեղծել», - տեղեկացրել է Սիվանը:

Կազմակերպությունից նշել են, որ նախնական ծրագրի համաձայն՝ խոսքը 20 տոննա կշռող կայան ստեղծելու մասին է, որում տիեզերագնացները 15-20 օր կանցկացնեն:

Սիվանն ընդգծել է, որ Հնդկաստանը մտադիր չէ օգնություն խնդրել որևէ այլ երկրից այս նախագծի իրականացման համար: Մինչ օրս սեփական կայաններ տիեզերքում ունեն միայն ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը և երկրների կոնսորցիումը, որին պատկանում է Միջազգային տիեզերակայանը:

 

Հնդկաստանը մտադիր է մինչև 2030 թվականը սեփական տիեզերակայանը ստեղծել