Յուրաքանչյուր 5-րդ դաջվածք անողն առողջական խնդիրներ է ունենում
Մեծ Բրիտանիայում դաջվածք կամ պիրսինգ ունեցողներից յուրաքանչյուր հինգերորդը վերջին 5 տարվա ընթացքում որոշակի առողջական խնդիրներ է ունենում: Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով բրիտանական աղբյուրին, նման եզրակացության են հանգել բրիտանացի մասնագետները հետազոտություններ կատարելուց հետո:
Գիտափորձին ավելի քան 2000 մարդ է մասնակցել: Առողջապահության թագավորական միություն բարեգործական կազմակերպության փորձագետները հետաքրքրվել են կամավորների հոգեբանական և ֆիզիկական վիճակով մարմինը «զարդարելուց» հետո:
Արդյունքները ցույց են տվել, որ հարցվածների 18 տոկոսը վերջին հինգ տարում որոշակի առողջական խնդիրներ են ունեցել: Ի դեպ, դաջվածքի հետևանքով ամենից շատ տարածված են եղել տարատեսակ այրվածքներն ու այտուցները:
Առանձին դեպքերում, ինչպես պնդում են գիտնականները, դաջվածքները սեպսիսի առաջացման պատճառ են դարձել, ինչն ավարտվել է ողբերգական ելքով:
Մասնագետները պարզել են, որ տարբեր հիվանդություններից տուժածներից յուրաքանչյուր տասերորդը ստիպված է եղել բուժօգնության դիմել:










