Լուսնի վրա ներկայություն հաստատելու համար անհրաժեշտ կլինի մոտավորապես 20-30 մլրդ դոլար. ՆԱՍԱ (տեսանյութ)
ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) պաշտոնապես հայտնել է ամերիկացի տիեզերագնացներին Լուսին վերադարձնելու հավակնոտ ծրագրի մասին: Գործակալությունից հայտնել են, որ մտադիր են ամերիկացի տիեզերագնացներին մինչև 2024 թվականը մի քանի ամսով Լուսին ուղարկել, հայտնում է CNN-ը:
Մասնավորապես, ՆԱՍԱ-ի ղեկավար Ջիմ Բրայդենստայնը CNN-ի հետ զրույցում նշել է, որ Լուսնի վրա ներկայություն հաստատելու համար անհրաժեշտ բոլոր պայմանների ստեղծման համար առաջիկա հինգ տարիների ընթացքում անհրաժեշտ կլինի մոտավորապես 20-ից 30 միլիարդ դոլար: Դա նշանակում է, որ գործակալությանը փոխանցվող գումարը պետք է ավելանա տարեկան միջինը 4-6 միլիարդ դոլարով:
Հատկանշական է, որ ՆԱՍԱ-ն առաջին անգամ է ներկայացնում դեպի Լուսին ծրագրի համար անհրաժեշտ ծախսերի թիվը: Ծրագիրը կոչվում է Artemis (Արտեմիս, հունական դիցաբանությունում Լուսնի աստվածուհին) և նպատակ ունի կես դար անց առաջին անգամ մարդ ուղարկել Լուսին: ՆԱՍԱ-ն պատրաստվում է երկու տիեզերագնաց ուղարկել՝ մի տղամարդ և պատմության մեջ առաջին անգամ՝ կին:
Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիմել էր ՆԱՍԱ-ին՝ կոչ անելով, որ իրենց ուշադրությունը սևեռեն Մարսի հետազոտությունների վրա և վերջ տան դեպի Լուսին թռիչքի վերաբերյալ խոսակցություններին:











