Առաջիկա 30 տարիների ընթացքում Երկիր մոլորակի բնակչության թիվը կավելանա 2 մլրդ-ով. ՄԱԿ
Երկիր մոլորակի բնակչությունն առաջիկա 30 տարիների ընթացքում կավելանա 2 մլրդ-ով և 2050 թվականին կհասնի 9,7 մլրդ-ի: Նման հաշվետվություն է ներկայացրել ՄԱԿ-ը` նոր զեկույցում: Փոխանցում է TACC-ը:
ՄԱԿ-ի կանխատեսումների համաձայն, առաջիկա երեք տասնամյակների ընթացքում բնակչության ընդհանուր աճի 50 տոկոսը տեղի կունենա 9 երկրներում`Հնդկաստանում, Նիգերիայում, Պակիստանում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Եթովպիայում, Տանզանիայում, Ինդոնեզիայում, Եգիպտոսում և ԱՄՆ-ում:
ՄԱԿ-ի փորձագետները կարծում են, որ 2027 թվականին Հնդկաստանը բնակչության քանակով կգերազանցի Չինաստանին և այս ցուցանիշով աշխարհում կզբաղեցնի առաջին տեղը: Նշվում է, որ Արևադարձային Աֆրիկայի բնակիչների թիվը կկրկնապատկվի մինչև 2050 թվականը:
Նշվում է նաև, որ մեծ տեմպերով աճում է աղքատ երկրների բնակիչների թիվը, ինչը դժվարություններ է ստեղծում աղքատության և սովի դեմ պայքարում: ՄԱԿ-ը ներկայացրել է, որ Երկիր մոլորակը «ծերացել» է: Այդ մասին է վկայում այն փաստը, որ 65 և ավելի տարիք ունեցող մարդկանց թիվը գերազանցում է մինչև 5 տարեկանների թվին: Սա կյանքի տևողության մեծացման և ծնելիության պակասի արդյունք է:
Զեկույցում նշվում է նաև այն երկրների թվաքանակի աճի մասին, որոնցում նկատվում է բնակչության նվազում, ինչը հիմնականում պայմանավորված է ծնելիության մակարդակի անկմամբ: Մասնավորապես, 2050 թվականին 55 երկրներում բնակչության թիվը կնվազի առնվազն 1 տոկոսով: Դրանց թվում են Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Հայաստանը, Լատվիան և Լիտվան:










