Նախարարի կոչը տեղ է հասել և անմիջապես միասնական կարծիքի միջավայր է ստեղծվել. ԿԳ նախարարի խորհրդականը՝ Շիրակի համալսարանը լուծարելու հայտարարության մասին

13:01 • 18.06.19

Շիրակի համալսարանի ներսում որոշակի գործընթացներ պետք է իրականան, որի նպատակը պետք է լինի բուհում համապատասխան գիտական միջավայրի ստեղծում. այս մասին «Մարզային բուհեր. բարձրացնել կրթության որա՞կը, թե լուծարել բուհը. որո՞նք են լուծումները» թեմայով քննարկմանն ասաց ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը:

«Նախարարի խոսքն այսպես կմեկնաբանեմ, նա «եթե»-ներով է խոսել, պարզապես կոչ է արել բուհին լուծել իր ներքին խնդիրները, վերականգնել բուհի գիտակրթական բնականոն գործընթացը և շարունակել զարգանալ:

Եթե կուզեք իմանալ, իմ տպավորությամբ, ես հետևում եմ արձագանքներին և նկատում եմ՝ այդ կոչը տեղ է հասել արդեն իսկ: Ըստ էության, բոլոր կողմերը սկսել են նույն լեզվով խոսել, հանդես գալ բուհի ընդհանուր շահերից, խոսել բուհի 85-ամյա պատմության մասին, որի մասին խոսք չկար մինչ այդ, այլ խոսք կար ակադեմիականությունից հեռու խնդիրներից:

Ես ուրախ եմ, որ նախարարի կոչը տեղ է հասել և անմիջապես միասնական կարծիքի միջավայր է ստեղծվել»,- ասաց Կարաբեկյանը:

Հիշեցնենք, որ օրերս նախարար Արայիկ Հարությունյանը հանդես էր եկել հայտարարությամբ:

«Շիրակի պետական համալսարանը գտնվում է շատ վատ վիճակում ոչ թե ֆինանսական, այլ բարոյահոգեբանական առումով: Այստեղ զրո ակադեմիզմ է, ձևավորվել են փոքրիկ խմբակներ, որոնք բացառապես իրենց շահերով են առաջնորդվում: Ամենայն լրջությամբ եմ ասում՝ եթե այս իրավիճակն այսպես շարունակվի, մենք հարց կդնենք բուհի լուծարման կամ միավորումների, որի արդյունքում նոր խորհուրդ կձևավորվի, և հարցը այդպես կլուծենք: Իրենք պետք է ջանք գործադրեն, որ հարցը լուծվի»,-ասել էր նախարարը: