Եթե Շիրակի համալսարանում բարոյահոգեբանական իրավիճակը չշտկվի, այն կամ կլուծարվի, կամ էլ կմիավորվի․ Ա․ Հարությունյան
Շիրակի համալսարանում զրո ակադեմիզմ է, և եթե բարոյահոգեբանական իրավիճակը չշտկվի, այն կա՛մ կլուծարվի, կա՛մ էլ կմիավորվի: 2018 թ-ի բյուջեի կատարողականի հաշվետվության ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
«Շիրակի պետական համալսարանը գտնվում է շատ վատ վիճակում ոչ թե ֆինանսական, այլ բարոյահոգեբանական առումով: Այստեղ զրո ակադեմիզմ է, ձևավորվել են փոքրիկ խմբակներ, որոնք բացառապես իրենց շահերով են առաջնորդվում: Ամենայն լրջությամբ եմ ասում՝ եթե այս իրավիճակը այսպես շարունակվի, մենք հարց կդնենք բուհի լուծարման կամ միավորումների, որի արդյունքում նոր խորհուրդ կձևավորվի, և հարցը այդպես կլուծենք: Իրենք պետք է ջանք գործադրեն, որ հարցը լուծվի»,-ասաց նախարարը:
Արայիկ Հարությունյանը նշեց, որ համալսարան այցի ժամանակ, մեղմ ասաց, ոչ լավ տպավորություն է ստացել։
«Անձամբ երկու անգամ եղել եմ բուհում և ամոթից գետինն էի մտնում, երբ դասախոսների միջև հարաբերությունները տեսնում էի: Խայտառակություն է, որը պետք է շտկենք», - ասաց նա:










