Իսպանիայում 22 մլն դոլար արժողությամբ 10 տոննա հաշիշ տեղափոխող նավ են կալանել

10:50 • 19.06.19

Իսպանիայում Մոլդովայի դրոշի տակ նավարկող առևտրային նավ է կալանվել, որի վրա 22 մլն դոլար ընդհանուր արժողությամբ 10 տոննա հաշիշ է հայտնաբերվել, գրում է New York Times-ը՝ երկրի հարկային ծառայությանը հղումով: Նավի տախտակամածին անձնակազմի 8 անդամ է գտնվել՝ բոլորն ուկրաինացի: Նրանք ձերբակալվել են:

Հաղորդվում է, որ հետաքննությունը սկսվել է 6 ամիս առաջ, երբ Իսպանիայի մաքսային ծառայության ծովային հետախուզության բաժնում կասկածներ են ծագել նավի ապօրինի գործունեության վերաբերյալ, ինչից հետո նավին սկսել են հետևել:

Գործողությանը մասնակցել են Իտալիայի, Ֆրանսիայի և Թուրքիայի իշխանությունները: Նավի խուզարկման արդյունքում հաշիշով լի 350 կապոց է հայտնաբերվել:

Հայտնի է, որ հաշիշի հիմնական հոսքը Հյուսիսային Աֆրիկայից Եվրոպա է անցնում նախ Միջերկրական ծովի արևմտյան, ապա արևելյան մասով: Միայն անցած տարի այդ ճանապարհին 6 նավ է կալանվել, առգրավվել է 37 տոննա հաշիշ: