Հնդկաստանում 14-ամյա տղան ընձառյուծի ճանկերից ազատել է կրտսեր եղբորը
Հնդկաստանի Կարպատվադի գյուղում 14-ամյա դեռահասը կարողացել է ընձառյուծի ճանկերից ազատել իր 7-ամյա եղբորը, РЕН ТВ-ի փոխանցմամբ՝ հայտնում է Times of India-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ եղբայրները հյուր էին եկել տատիկին և որոշել էին գնալ անտառ, որտեղ էլ նրանց վրա հարձակվել էր հովազը:
Գիշատիչը փորձել էր հարձակվել ավագ եղբոր վրա, սակայն նա հասցրել էր մի կողմ ցատկել և կենդանին բռնել էր կրտսեր եղբորը:
Դեռահասը փայտով և քարերով հարվածել էր ընձառյուծին՝ փորձելով եղբորն ազատել նրա ճանկերից: Տատը, լսելով երեխաների ձայները, օգնության էր հասել և հեռացրել ընձառյուծը, ապա թոռներին տեղափոխել էր հիվանդանոց:
Նշվում է, որ հաջորդ օրն իրավապահներն անտառում գտել են եղբայրների վրա հարձակված ընձառյուծի դին: Փորձագետները եզրակացրել են, որ էգ հովազը մահացել է ծերությունից:










