Էրդողանը քննադատել է ԱՄՆ-ի առաջարկած իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման վերաբերյալ «դարի գործարքը»

17:08 • 01.07.19

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Միացյալ Նահանգների նախաձեռնությունը, գրում է Hurriyet Daily News-ը:

«Մենք այս նախաձեռնությունը երբեք հաջող չենք համարի: Մենք արդեն հայտարարել ենք, որ պաղեստինյան տարածքները չեն վաճառվում»,-ասել է Թուրքիայի նախագահը G20-ի գագաթնաժողովի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Հունիսի 22-ին, Սպիտակ տունն իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման ծրագրի, որը ստացել է «դարի գործարք» անվանումը, տնտեսական ասպեկտների վերաբերյալ փաստաթուղթ է հրապարակել: Դրանով մասնավորապես նախատեսվում է Պաղեստինում և հարևան երկրներում 50 մլրդ դոլարի չափով ներդրումներ կատարել: Նախատեսվում է, որ նշված գումարի կեսը հաջորդող տասը տարիների ընթացքում կտրամադրվի Պաղեստինին, մյուս կեսը կներդրվի Եգիպտոսի, Հորդանանի Լիբանանի տնտեսության մեջ:

Հունիսի 25-26-ը Մանամայում տեղի է ունեցել միջազգային հանդիպում, որը նպատակ է հետապնդել բացահայտել «դարի գործարքի» տնտեսական ասպեկտները: Իրենց պատվիրակություններն են ուղարկել Եգիպտոսը, Հորդանանը, Մարոկկոն, Արաբական Միացյալ Էմիրությունները, Քուվեյթը և Սաուդյան Արաբիան։  Խորհրդաժողովին մասնակցելուց ձեռնպահ են մնացել մի շարք արաբական երկրներ, ինչպես նաև Իսրայելը:

ՌԴ ԱԳՆ-ում խորհրդաժողովը գնահատել են որպես «տարածաշրջանային օրակարգի գերակայությունները փոխելու և պաղեստինա-իսրայելական կարգավորման այլընտրանքային տեսլական պարտադրելու հերթական ամերիկյան փորձ»: