Քաղաքապետարանը պատրաստվում է ձեռք բերել 500 նստարան՝ յուրաքանչյուրը 165 հզր դրամով, բայց քանի որ քաղաքացու կողմից բողոք կա՝ գնման հետ կապված, գործընթացը կասեցվել է
Երևանի քաղաքապետարանը ընթացիկ տարվա մայիսի 15-ին հայտարարել է նստարանների, աղբամանների և աղբամանների ներդիրների ձեռքբերման նպատակով բաց մրցույթ: Այս մասին ի պատասխան Tert.am-ի գրավոր հարցմանը ասացին քաղաքապետարանից:
Քաղաքապետարանից տեղեկացրել են, որ նախատեսվել է ձեռք բերել 500 հատ նստարան, մեկ նստարանի գինը 165 հազար ՀՀ դրամով, մեծ աղբաման 600 հատ, մեկ աղբամանի գինը 78 հազար դրամով, մեծ աղբամանի ներդիր 200 հատ, մեկ ներդիրը 5 հազար դրամով:
«1-ին չափաբաժին՝ նստարան /Երևան/ - 500 հատ (մեկ միավորի նախահաշվային արժեքը՝ 165000 ՀՀ դրամ)
2-րդ չափաբաժին՝ աղբաման մեծ /ձուլվածքով/ - 600 հատ (մեկ միավորի նախահաշվային արժեքը՝ 78000 ՀՀ դրամ)
3-րդ չափաբաժին՝ ձուլվածքով մեծ աղբամանի ներդիր - 200 հատ (մեկ միավորի նախահաշվային արժեքը՝ 5000 ՀՀ դրամ)»,- նշված է քաղաքապետարանի պատասխանում:
Քաղաքապետարանից տեղեկացրել են, որ վերը նշված գնման ընթացակարգի հայտերի բացումը տեղի է ունեցել հունիսի 27-ին՝ ժամը 12:00-ին, որը օրենքով սահմանված կարգով հրապարակվել է պաշտոնական տեղեկագրում:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 26.06.2019 թվականին ՀՀ քաղաքացի Սասուն Աբրահամյանի կողմից վերը նշված գնման ընթացակարգի վերաբերյալ ներկայացվել է բողոք՝ գնումների հետ կապված բողոքներ քննող անձ՝ Գ. Ներսիսյանի ԳԲՔԱ-ՆԳ-2019/45 որոշմամբ՝ օրենքի ուժով գնման գործընթացը կասեցվել է, մինչև բողոքի քննության արդյունքներով ընդունված որոշման՝ ուժի մեջ մտնելու օրը ներառյալ, ուստի հայտերի գնահատումը կիրականացվի համապատասխան որոշման կայացումից հետո»,- հայտնել են քաղաքապետարանից:
Գնման ընթացակարգին հայտեր ներկայացված մասնակիցներն են.
1-«Մետաղամանեղեն գործարան» ԲԲԸ
2-«ԲԵԼՄԵՏ» ՍՊԸ
3-«Նիկոլ Դուման» ԱԿ
4-«Արտաշես Մեծ» ՍՊԸ
5-«ՍԱՊ» ՍՊԸ
6-Էրիկ Սահակյան Ա/Ձ
Tert.am-ը քաղաքապետարանին խնդրել էր տրամադրել տեղեկություն, թե նախորդ տարիներին նույն նստարանների և աղբամանների ձեռքբերման համար, որ կազմակերպություններն են շահել մրցույթը:
«2016 թվականի համար կազմակերպված մրցույթում՝
1-ին և 2-րդ չափաբաժիններ՝ նստարան /Երևան/ և աղբաման մեծ /ձուլվածքով/ պայմանագիրը կնքվել է «Նոր Էներջի» ՍՊԸ և «ՍԱՄ» ՍՊԸ (Կոնսորցիում)-ի հետ
2017 թվականի համար կազմակերպված մրցույթում՝
1-ին և 2-րդ չափաբաժիններ՝ նստարան /Երևան/ և աղբաման մեծ /ձուլվածքով/ պայմանագիրը կնքվել է «Նիկոլ Դուման» ԱԿ-ի հետ
2018 թվականի համար կազմակերպված մրցույթում՝
1-ին չափաբաժին՝ նստարան /Երևան/, պայմանագիրը կնքվել է «Նիկոլ Դուման» ԱԿ-ի հետ
2-րդ չափաբաժին՝ աղբաման մեծ /ձուլվածքով/ պայմանագիրը կնքվել է «ԴԱՆ ՄՈՆ» ՍՊԸ և «ԱՏԼԱՆՏ» ՍՊԸ (Կոնսորցիում)-ի հետ
3-րդ չափաբաժին՝ ձուլվածքով մեծ աղբամանի ներդիր, պայմանագիրը կնքվել է «Մետաղամանեղեն գործարան» ԲԲԸ-ի հետ»,- տեղեկացրել են քաղաքապետարանից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ասել էր, որ քաղաքապետարանը նույն գնով և նույն կազմակերպությունից, ինչ նախկին իշխանությունը, 500 նստարան է ձեռք բերել:










