Առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող առողջապահության նախկին փոխնախարարը 15 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից

17:16 • 08.07.19

Առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանը գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից: Այս մասին հայտնում են «Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակից:

«Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (նախագահությամբ Ա.Մաթևոսյանի) բավարարեց մեր գրասենյակի փաստաբաններ Տիգրան Ղազարյանի և Երեմ Դավթյանի՝ ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի նկատմամբ ընտրված կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը՝ գրավի չափ սահմանելով 15.000.000 ՀՀ դրամը: Սպասում ենք, որ պարոն Ա.Դավթյանը վերադառնա ազատություն»,-նշվում է գրասենյակի հայտարարությունում:

Հիշեցնենք, որ մարտի 30-ին տեղեկություն էր տարածվել այն մասին, որ ԱԱԾ-ն ձերբակալել է առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանին: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նույն օրը բերման ենթարկված փոխնախարարը ձերբակալվել է՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով,այնուհետև կալանավորվել,  իսկ կաշառք տալու մեջ կասկածվող անձի նկատմամբ, հաշվի առնելով վերջինիս տարիքը և առողջական վիճակը, որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: