Պարտավորվել ենք անտառապատ տարածքները 11%-ից հասցնել 21%-ի. շրջակա միջավայրի իրավաբանական վարչության պետ
Պարտավորվել ենք անտառապատ տարածքները 11%-ից հասցնել 21%-ի. ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց Շրջակա միջավայրի իրավաբանական վարչության պետ Խաչատուր Խաչատրյանը:
«Անտառհատումների պատասխանատվությունների խստացումը նաև միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններից է բխում: ՀՀ-ն պարտավորություն է ստանձնել ընդհուպ կրկնապատկել անտառային տարածքները: Սա դժվար իրականացվելիք առաքելություն է, որ ստանձնել ենք և այս համատեքստում մեզ համար շատ կարևոր է, անտառահատումներից հնարավորինս զերծ մնալ»,- «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթի քննարկմանը նշեց Խաչատրյանը:
Ըստ նրա, ամբողջ աշխարհն է այս ուղղությամբ գնում:
«Հատկապես կլիմայի տեսանկյունից որ դիտարկենք, անտառապատվածության աստիճանի բարձրացումը կլիմայի փոփոխությունը կանխարգելող կարևորագույն գործիքներից մեկն է: Սրանք կլանիչներ են, որոնք կենսական նշանակություն ունեն կլիմայի փոփոխության համար: Դա մոլորակի թիվ մեկ խնդիրն է, ուստի իրավախախտումները բացառելը կամ նվազագույնի հասցնելը, նաև անտառապատ տարածքների թիվն ավելացնելը, բնակչության շրջանում համապատասխան իրազեկման միջոցառումներ իրականացնելը շատ կարևոր են»,-ասաց նա:










