Հայաստանի և Արցախի ՔԿ-ների նախագահները քննարկել են կառույցների փոխգործակցության հարցեր

19:54 • 08.07.19

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հուլիսի 8-ին ընդունել է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանին: 

Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահը շնորհավորել է Իգոր Գրիգորյանին՝ Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:  Իգոր Գրիգորյանն էլ իր հերթին շնորհավորել է ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանին՝ արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան ստանալու առթիվ: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան կառույցների փոխգործակցությանն առնչվող տարբեր հարցեր:  ԱՀ ՔԿ նախագահը հանդիպումներ է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի առանձին ստորաբաժանումների ղեկավարների հետ՝ քննարկել համագործակցությանն առնչվող հարցեր: 

Իգոր Գրիգորյանը շրջել է Քննչական կոմիտեի շենքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին:  ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Արցախի Հանրապետության նորաստեղծ քննչական մարմնի ձևավորմանը: