ԵՊՀ պրոռեկտորները շարունակելու են դասախոսել համալսարանում

18:28 • 08.07.19

ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով արդեն նախկին պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ պաշտոնից ազատվել է իր դիմումի համաձայն:

«Դիմումիս նախորդել է այն որոշումը, որ այն պաշտոնը, որը ես զբաղեցնում էի՝ ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտորի հաստիքը, հոգաբարձուների խորհրդի կողմից լուծարվել է, այսինքն՝ ԵՊՀ կառուցվածքում տեղի է ունեցել փոփոխություն: Երբ նման փոփոխություն է կատարվում, ենթադրվում է, որ անձը ազատվում է պաշտոնից, հետագայում նշանակվում է կամ ոչ: Սակայն ես որոշեցի այդ գործընթացին չսպասել ու ազատման դիմում ներկայացնել»,-նշեց Մարկոսյանը: 

Հարցին՝ չկա՞ իր զբաղեցրած հաստիքի կարիքը, Մարկոսյանը պատասխանեց՝ կարծում է՝ այդ հաստիքի կարիքը կա, ավելին՝ նոր ստեղծված հաստիքներից մեկն առնչվում է հենց միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերին:

«Ինչպես նկատեցիք, իմ պաշտոնի կեսը արտացոլված է այդտեղ, այսինքն՝ մի մասով ակնհայտ կա: Պարտադիր չէ, որ պաշտոնն, ինչ իր մեջ ներառում է, անպայման պաշտոնի անվան մեջ արտացոլվի: Օրինակ՝ ես երկար տարիներ համակարգել եմ նաև ՏՏ համապատասխան վարչությունը, սակայն իմ պաշտոնի մեջ այդ ուղղությունը չէր նկատվի: Այդ ուղղությունը շատ կարևոր է, ուստի, կարծում եմ, տարբեր պաշտոնների կողմից դա կիրականացվի»,-ասաց Մարկոսյանը:

Հարցին՝ կա՞ դժգոհություն այս որոշման հետ կապված, Մարկոսյանն ասաց՝ կառուցվածքային փոփոխությունների քննարկումներին ինքը ներգրավված չի եղել. «Բուհի կառուցվածքը շատ լուրջ հարց է: Մենք հիմա խոսում ենք վարչական կառուցվածքի մասին, սակայն կան նաև կրթական շատ տարբեր ստորաբաժանումներ, որոնց կառուցվածքից էլ է շատ բան կախված: Այսպես կարծիք հայտնելը ճիշտ չէ: Հետագայում գուցե ներկայացնեմ բուհի կառավարման իմ տեսլականը: Կարող եմ հիմա միայն ասել, որ մեր կարծիքը պաշտոնապես հաշվի չեն առել, չեն հարցրել»:

Ռուբեն Մարկոսյանը նշեց, որ շարունակելու է դասախոսել ԵՊՀ Հանրային կառավարման ամբիոնում:

Գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով նախկին պրոռեկտոր Արսեն Բաբաջանյանն էլ Tert.am-ի հետ զրույցում դարձյալ նշեց, որ աշխատանքից ազատվել է համալսարանում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում:

«Այն ստորաբաժանումը, որը ստեղծված է, չունի այն հիմնական դրույթները, որն ուներ այն պաշտոնը, որը ես զբաղեցնում էի, այսինքն՝ գիտական գործունեությունը չկա, որը ամենակարևորն էր ինձ համար»,-ասաց Բաբաջանյանը:

Հարցին՝ այսուհետև ի՞նչ գործունեություն է ծավալելու, Բաբաջանյանն ասաց՝ մինչև 2023 թ. շարունակելու է զբաղեցնել Երևանի պետական համալսարանի Կիրառական էլեկտրադինամիկայի և մոդելավորման ամբիոնի վարիչի պաշտոնը:

Նշենք, որ ԵՊՀ Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մենուա Սողոմոնյանի հետ չկարողացանք կապ հաստատել:

Հիշեցնենք, որ ԵՊՀ պրոռեկտորներ Մենուա Սողոմոնյանը, Արսեն Բաբաջանյանը և Ռուբեն Մարկոսյանն ազատվել են պաշտոններից: Tert.am-ի հետ զրույցում ԵՊՀ ռեկտորի մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը նշեց, որ այդ հաստիքները լուծարվել են, որի պատճառով էլ պրոռեկտորներն ազատվել են պաշտոններից. «Լինելու են այլ 3 պրոռեկտորներ, որոնց անունները վաղը, հավանաբար, պարզ կլինեն»: