Բաշկիրիայում 25-ամյա երիտասարդը դանակահարել է ամբողջ ընտանիքին, այնուհետև հանձնվել ոստիկանությանը

11:25 • 08.07.19

Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Բաշկորտոստանի Հանրապետության բնակիչը ոստիկանություն է ներկայացել և խոստովանել, որ սպանել է իր ընտանիքի անդամներին, հաղորդում է ria.ru-ն՝ հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեի հանրապետության քննչական գլխավոր վարչության տարածած հաղորդագրությանը:

Աղբյուրի տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել հուլիսի 5-ին, Կուգարչինսկի շրջանի գյուղերից մեկում՝ ընտանիքին պատկանող տանը:

«25-ամյա երիտասարդը հաղորդել է ոստիկանությանը, որ դանակահարել է իր 30-ամյա եղբորը և 53-ամյա մորը, 59-ամյա հայրը փորձել է փախչել որդուց, սակայն նա կարողացել է հասնել հոր հետևից և նրան դանակահարել հարևանների տարածքում: Պատճառված վնասվածքներից տուժածները տեղում մահացել են»,- հայտնում է Բաշկիրիայի քննչական կոմիտեն:

Իրավապահ մարմինները ձերբակալել են կասկածյալին, քննչական մարմինները քրեական գործ են հարուցել:

«Փորձագետների կողմից նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվում են ականատեսները, ուսումնասիրվում է կասկածյալի ինքնությունը», - ասված է հաղորդագրության մեջ:

Դրդապատճառների մասին տեղեկություն չի հաղորդվում: