ԱԻՆ-ի զբաղվածությունը ֆանտաստիկ ծանր է, հրդեհների աննախադեպ քանակություն կա, անցած տարվա համեմատ ունենք կրկնակի ավել՝ 1500-ից ավելի հրդեհ. Ֆելիքս Ցոլակյան

11:24 • 08.07.19

Վրաստանում տեղի ունեցած վթարի պատճառով երեք զոհ ենք ունեցել, երկուսը ծանր վիճակում են՝ վարորդը և իր տղան, մյուս երկուսը հիմա տեղափոխվում են Հայաստան, նրանց վրացական կողմն իրենց շտապօգնության մեքենայով  բերում է, մեր մեքենան գնում է դիմավորելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

Նա հավելեց. «Երկուսի հարցը մնում է, վաղը կերևա՝ իրավիճակից ելնելով, հնարավոր է՝ սանիտարական ինքնաթիռով տեղափոխենք Հայաստան»:

Նախարարը նշեց, որ այստեղ սխալը վարորդինն է եղել: «Չեմ կարող ասել՝ խմած է եղել, թե ոչ, մի բան եմ լսել՝ փոքր մեքենա է եղել, որի մեջ՝ 8 հոգի մարդ, բեռնախցիկում երկու երեխա է եղել. անզգույշ ու անտարբեր վերաբերմունք է: Կոչ եմ անում բոլոր տրանսպորտային միջոցներ վարողներին, որ զգույշ լինեն այս հարցում: Այսօր առանց այդ էլ ԱԻՆ-ի զբաղվածությունը ֆանտաստիկ ծանր է, հրդեհների աննախադեպ քանակություն կա: Անցած տարվա համեմատ ունենք 1500-ից ավելի հրդեհ, սա կրկնակի ավել է, քան եղել է  անցած տարի այս ժամանակ: Այս հրդեհները մարդկային գործոնի արդյունք են հաճախ»,- ասաց նա:

Ցոլակյանը նշեց, որ խոտածածկ տարածքներ են վառվում, որոնք մոտ են բնակավայրերին, տներին, անտառներին: «Մենք անտառային 4-5 հրդեհ ենք ունեցել մեկ ամսվա մեջ: Մեղրիում երկու դեպք, Կապանում մեկ դեպք, Գորիսում երեք դեպք, այսօր գիշեր ենք Գորիսինը վերջնական մարել: Այնպես որ, ամեն պետական մարմին պետք է իր ֆունկցիան ճիշտ կատարի, որ նման խնդիր չառաջանա: Խոտածածկ տարածքը չպետք է հասցնի չորանալ: Այսօր փրկարարական անձնակազմը գերհոգնած է այն տեղերում, որտեղ հրդեհներ են եղել, որովհետև պատահում է, որ մեկ անձնակազմը օրվա մեջ 4-5 անգամ դուրս է գալիս հրդեհաշիջման: Հիմա էլ ավելացան այս դեպքերը, նորից մարդկային գործոնն է»,- ասաց նա:

Հարցին՝ անհրաժեշտություն տեսնում է երթևեկության կանոնների խստացման, տուգանքները արդյոք պե՞տք է ավելացնել, Ցոլակյանը պատասխանեց, որ գիտակցման հարց է: «Միայն խստացնելով, այդպիսի սանկցիաներ կիրառելով չէ՝ մարդկանց գիտակցության խնդիր կա, այսօր մարդիկ առաջվանը չեն: Եթե վերցնենք 10 տարի առաջվա և այսօրվա մարդուն, իրենք տարբեր են, այսօր ավելի են գիտակցում, բայց միևնույնն է, այսպիսի բաներից խուսափել չենք կարող, լինելու են այսպիսի բաներ»,- ասաց նա:

Ցոլակյանը տեխզննումը խստացնելու կարիք է տեսնում: «Խստացում պետք է արվի պարտադիր, որովհետև մասնավոր հիմնարկներն են գազի բալոնների տեղադրմամբ զբաղվում, գազի բալոնների որակի խնդիր կա: Դրանք այնպիսի հարցեր են, որոնք անընդհատ քննարկվում են, բայց այսօրվա դրությամբ ունենում ենք այսպիսի վիճակ: Պետք է ավելի կոնկրետ ու կտրուկ միջոցներ ձեռնարկել այս հարցում, եթե չձեռնարկվեն, մենք էլի նման դեպքեր կունենանք»,- շեշտեց նա: