«Ես ցանկանում եմ, որ լրատվամիջոցներն այցելեն ներգաղթյալների ժամանակավոր ապաստարաններ». Թրամփը՝ ի պատասխան իր դեմ հնչող մեղադրանքների

18:00 • 08.07.19

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է՝ մամուլի ներկայացուցիչները «մուտք գործեն և տեսնեն» փախստականների կացարանները, հայտնում է CNN hեռուստաալիքը:

Նախագահն այս մեկնաբանությունը հնչեցրել է այն բանից հետո, երբ Կոնգրեսի դեմոկրատ անդամներն այցելել էին Տեխասի երկու սահմանային ապաստարաններ և վրդովմունք հայտնել հարավային սահմանին աճող հումանիտար ճգնաժամի կապակցությամբ:

«Դրանք լեփ-լեցուն են: Եվ մենք էինք դժգոհում, որ դրանք լեփ-լեցուն են»,- ասել է նախագահը:

«Լեփ-լեցուն են, որովհետև մարդիկ շարունակում են գալ, բայց հիմա Մեքսիկայի շնորհիվ հոսքը դադարում է»,- հայտնել է նախագահը և հավելել. «Մենք ցանկանում ենք, որ լրատվամիջոցի ներկայացուցիչները գնան և տեսնեն»:

Նշենք, որ ավելի վաղ, Ներքին անվտանգության ծառայության տեսուչները, միգրացիոն կենտրոններ այցելելով, բազմաթիվ խախտումներ են արձանագրել և որպես ապացույց կադրեր ֆիքսել:

Նրանք արձանագրել են, որ սենյակներում ու խցերում մարդկանց քանակը մի քանի անգամ գերազանցում է թույլատրելի շեմը: Ներգաղթյալները, այդ թվում՝ երեխաները, չեն կարողանում պահպանել անձնական հիգիենայի կանոնները, լոգանք չեն ընդունում և ստիպված են մարմինը մաքրել իրենց տրվող թաց անձեռոցիկներով: Նրանք զրկված են հագուստը փոխելու հնարավորությունից և շարունակում են կրել այն նույն հագուստը, որով շաբաթներ առաջ ժամանել են ԱՄՆ: Ներգաղթյալները ստիպված են քնել չոր հատակին: Միգրացիոն որոշ կենտրոններում երեխաներին տաք ապուր չեն տալիս: