Ուկրաինական հեռուստաալիքը սպառնալիքների պատճառով չեղարկել է Մոսկվայի հետ հեռուստակամուրջը
Ուկրաինական NewsOne հեռուստաալիքը հայտարարել է ռուսական «Россия 1» հեռուստաալիքի հետ հեռուստակամուրջը դադարեցնելու մասին:
«Հասարակ մարդկանց ջանքերով ոչ քաղաքական հարցեր քննարկելու հարթակ կազմակերպելու մեր փորձը հանգեցրեց նրան, որ վերջին ժամանակներս մի շարք քաղաքական կուսակցությունների կողմից մեր հեռուստաընկերության նկատմամբ տեղեկատվական զանգվածային հարձակում է սկսվել»,- ասվում է հաղորդման մեջ:
Հեռուստաընկերությունը նշել է, որ լրագրողների ու նրանց մտերիմների հասցեին ֆիզիկական բռնությունների սպառնալիքներ են հնչել, որոնք «Ուկրաինան վերադարձնում են լրագրողական ազատութան նկատմամբ ճնշումների» ժամանակներին:
«Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինայում խաղաղություն տիրի, սակայն կան պատերազմի խմբի ներկայացուցիչ ուժեր, որոնց համար դա բնավ շահավետ չէ»,- եզրակացրել է հեռուստաընկերության ղեկավարությունը:
Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին նախատեսվում էր «Россия 1» և NewsOne հեռուստաալիքների ստուդիաների միջև «Հարկավոր է խոսել» վերնագրով հեռուստակամուրջ իրականացնել, որը պետք է անց կացվեր առանց քաղաքական գործիչների մասնակցության և երկխոսություն դառնար ռուս և ուկրաինացի ժողովուրդների միջև:
Այս նախաձեռնությունը վրդովմունք էր առաջացրել Ուկրաինայի ռադայում, Լրագրողների միությունում, ինչպես նաև երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի և ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկիի կուսակցություններում, մինչդեռ Կրեմլն աջակցել էր նախաձեռնությանը:










