Արցախի գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը հրաժարական է տվել

14:55 • 08.07.19

Արթուր Մոսիյանը հրաժարական է տվել Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնից, այս մասին տեղեկացնում է Արցախի գլխավոր դատախազության կայքը։

«Հայ Հեղափոխական Դաշնակցության կենտրոնական կոմիտեի անդամ ընտրվելուս կապակցությամբ, նկատի առնելով, որ կուսակցական և քաղաքական աշխատանքն անհամատեղելի է հանրապետության գլխավոր դատախազի  պաշտոնի հետ, այսօր` 2019 թվականի հուլիսի 8-ին, հրաժարական եմ տալիս Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնից:

Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում հանրապետության իշխանություններին`  ինձ այս խիստ պատասխանատու պաշտոնում վստահելու համար և միաժամանակ վստահեցնում եմ, որ կուսակցական, քաղաքական  աշխատանքում ևս իմ ուժերն անվերապահորեն նվիրելու եմ համազգային խնդիրների լուծմանը:

Շնորհակալություն եմ հայտնում նաև դատախազության համակարգի բոլոր աշխատակիցներին` համատեղ աշխատանքի համար: Նորանոր հաջողություններ եմ մաղթում օրենքի գերակայության ապահովմանն ու իրավակարգի ամրապնդմանը միտված  նրանց  հետագա աշխատանքում»,– ասվում է հայտարարությունում: