Սաակաշվիլին մեկնաբանել է վրացի հաղորդավարի անպարկեշտ արտահայտությունները Պուտինի հասցեին
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անդրադարձել է վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում հաղորդավար Գեորգի Գաբունիայի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հնչած հայհոյանքներին՝ հայտարարելով, որ դեմ է հիստերիային ու էպատաժին, գրում է ria.ru-ն:
«Մեր կողմից է ճշմարտությունը, և այն պետք է փոխանցել քաղաքակիրթ ճանապարհով: Էպատաժն ու հիստերիան միայն կվնասեն մեր գործին»,- գրել է Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, կիրակի երեկոյան հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիան իր «P.S.» հեղինակային ծրագիրը սկսել է ՌԴ նախագահի հասցեին հայհոյանքներ տեղալով: Մեծ թվով օգտատերեր քննադատել են Գաբունիային և մտավախություն հայտնել, որ վրաց-ռուսական հարաբերությունները կարող են է՛լ ավելի սրվել: Հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել է, որ անթույլատրելի է համարում հայհոյանքը եթերում, թեև կիսում է հեռուստահաղորդավարի կարծիքը:
Վրաստանում մի քանի հարյուր մարդ երեկ ուշ երեկոյան հավաքվել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շենքի մոտ՝ պահանջելով ազատել աշխատանքից հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիային, որն ուղիղ եթերում հայհոյել ու վատ է արտահայտվել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին: Այս առնչությամբ քննադատությամբ են հանդես եկել և՛ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, և՛ երկրի ԱԳՆ-ն՝ քննադատելով հաղորդավարի ելույթը և այն սադրանք որակելով:










