Հուլիսի 10-ի էներգետիկ ճգնաժամը կարող է Մեծամորի ատոմակայանի վերանորոգման և վերաբեռնավորման հետևանք լինել. փորձագետ (տեսանյութ)
Էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության հարցերով մասնագետ Արմեն Մանվելյանը կարծում է՝ հուլիսի 10-ի էներգետիկ վթարի հիմնական պատճառը կարող է լինել այն, որ հունիսի 1-ից Մեծամորի ատոմակայանը դուրս է բերվել շահագործումից վերանորոգման և վերաբեռնավորման համար:
«Այս շոգ ամիսներին, երբ էլեկտրաէներգիայի սպառումը կտրուկ ավելանում է, սա կարող էր հանգեցնել այդ ճգնաժամին, այսինքն՝ այդ երկու ՋԷԿ-երը չկարողացան բավարարել սպառման այն ծավալը, որը միանգամից ավելացավ: Սա հանգեցրեց տատանումների, և տեղի ունեցավ այդ վթարը»,-նշեց փորձագետը:
Հարցին՝ որքանո՞վ հաջողվեց համապատասխան գերատեսչություններին իրավիճակը պահել վերահսկողության տակ, Մանվելյանը պատասխանեց՝ Էներգետիկայի նախարարության լուծարման հետևանքով հնարավոր է՝ պետության կառավարումն այս հարցի վերաբերյալ եղել է ոչ լիարժեք, ինչն էլ հանգեցրել է տեխնածին ճգնաժամին:
«Հայաստանում Կառավարման համակարգի բարեփոխման արդյունքում Էներգետիկայի նախարարությունը լուծարվել է՝ այն, որպես այդպիսին, գոյություն չունի: Արդյո՞ք պահպանվել են այն ընթացակարգերը, որոնք նախկինում կային, արդյո՞ք այս գործընթացները կառավարելի են: Սրանք հարցեր են, որոնք շատ մասնագետների, այդ թվում՝ ինձ համար անհասկանալի են:
Նախարարությունը չկա, պարզ չէ՝ նախարարության հատկապես, որ գերատեսչություններն են լուծարվել, որոնք են միացվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: Այսինքն՝ սրա հետևանքով կարող է այնպես եղած լինել, որ պետության կառավարումն այս հարցի վերաբերյալ եղել է ոչ լիարժեք, ինչն էլ հանգեցրել է տեխնածին ճգնաժամին»:
Փորձագետը նաև նշեց, որ հունիսի 10-ին եղել է նաև բնակչության անիրազեկվածության խնդիր, ինչն էլ երբեմն հանգեցնում է խուճապի:
«Եթե համեմատելու լինենք 2013 թ. նմանատիպ դեպքի հետ, ապա այն ժամանակ բնակչությունը գրեթե չիմացավ, որ նման խնդիր է եղել, իսկ այս պարագայում կար տեղեկատվության պակաս, ինչը առաջացրեց որոշակի խուճապ, խոսակցություններ՝ ատոմակայանի շահագործման հետ կապված և այլն:
Սա ցույց է տալիս, որ ժամանակին բնակչությանը տեղեկատվություն հաղորդելու և խնդրի էությունը բացատրելու առումով կար լուրջ բաց և սա նշանակում է, որ այստեղ պետք է իրենք աշխատեն ու հասկանան՝ ով է զբաղվելու սրանով, որովհետև եթե այդ հարցով խոսում է կրթության նախարարը, ապա մենք հասկանում ենք, որ այստեղ իրավիճակը կառավարելու լուրջ խնդիր կա»,-ասաց փորձագետը:
Մանրամասները՝ տեսանյութում:










