Հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի բարձրագույն կոչում է շնորհվել

12:14 • 11.07.19

ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուին հաստատության պրոֆեսորի կոչում է շնորհել: Այս մասին տեղեկանում ենք ինստիտուտի պաշտոնական կայքից:

«Աճեմօղլուն ինստիտուտի բարձրագույն կոչմանն է արժանացել գիտության և բարձրագույն կրթության ոլորտներում իր առանձնահատուկ ձեռքբերումների համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տնտեսագետն իր հերթին թվիթերյան էջում հրապարակում է արել՝ շնորհակալություն հայտնելով ուսումնական հաստատությանը բարձր գնահատականի մասին: Նա հայտարարել է հաստատությունում գիտամանկավարժական գործունեությունը շարունակելու մասին:

Հայտնի է, որ Աճեմօղլուն ծնվել է 1967թ.՝ ստամբուլահայերի ընտանիքում: 1989թ. նա ավարտել է Մեծ Բրիտանիայի Յորքի համալսարանը, Լոնդոնի էկոնոմիկայի դպրոցում գիտությունների դոկտորի կոչում է ստացել: Վերջին 15 տարվա ընթացքում Աճեմօղլուն գիտական և դասախոսական գործունեություն է ծավալում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում: Մի քանի տարի շարունակ նա դիտարկվել է տնտեսագիտության ոլորտում հեղինակավոր Նոբելյան մրցանակի հավակնորդ: