ԱՄՆ-ում բժիշկների սխալի պատճառով օտար կնոջ ծննդաբերած զույգ տղաներից մեկը հայ զույգի երեխան է. երկու ընտանիքն էլ դատական հայց են ներկայացրել ընդդեմ բուժհաստատության
Կալիֆոռնիայում Աննի և Աշոտ Մանուկյանները դարձել են ամերիկյան CHA Fertility Center բեղմնավորման կենտրոնի սխալի զոհը:
Ինչպես հայտնում է BBC News-ը, բուժհաստատությունում շփոթել են հայ զույգի, ինչպես նաև նյույորքաբնակ ասիական զույգի և երրորդ ընտանիքի համար պատրաստված սաղմերը: Երկու ընտանիքն էլ դատական հայց են ներկայացրել բուժհաստատության դեմ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նյույորքաբնակ կինը, որի անունը չէր նշվում, մարտին զույգ տղա է լույս աշխարհ բերել արտամարմնական բեղմնավորման արդյունքում, սակայն տղաներից ոչ մեկն իրենը չէ, և նույնիսկ իրար հետ երեխաներն առնչություն չունեն:
Տվյալ կինը գիտեր, որ զույգ աղջիկներ է ունենալու, սակայն ապշել է տեղեկանալով, որ տղաներ են ծնվել: Պարզվել է, որ տղաներից մեկը Մանուկյաններինն է, իսկ մյուս երեխան՝ երրորդ ընտանիքինը:
Այժմ տղաներից մեկը Մանուկյան ամուսինների մոտ է, սակայն Աննին նշում է, որ իրեն զրկել են սեփական որդուն լույս աշխարհ բերելու իրավունքից:
Բուժհաստատությունը դեռևս մեկնաբանություն չի արել՝ կապված դատական գործի հետ:
Աննի Մանուկյանն արտամարմնական բեղմնավորման անհաջող փորձ է կատարել 2018-ի օգոստոսին՝ օգտագործելով սաղմը, որը նրանց կարծիքով իրենցն էր: Այնուհետև նրանց հրավիրել են ԴՆԹ հետազոտություն անելու, երբ մարտին լույս աշխարհ են եկել զույգ տղաները:










