Մատաղիսի գործի վարույթը կասեցնելու որոշումը վերացվել է. ՀՀ գլխավոր դատախազությունը քննությունը վերսկսելու հանձնարարություն է տվել
2003-ին Մատաղիսում երկու զինվորի սպանության դեպքի կապակցությամբ քրեական գործով վարույթը կասեցնելու որոշումը վերացվել է:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը՝ նշելով, որ գործն ուղարկվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քննությունը վերսկսելու հանձնարարությամբ։
«ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ՝ Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի սպանության փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը, որով 2015թ․ նախաքննական մարմնի կողմից կայացվել էր վարույթը կասեցնելու մասին որոշում, պահանջվել և ուսումնասիրվել է ՀՀ գլխավոր դատախազությունում: Արդյունքում ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի որոշմամբ քրեական գործով վարույթը կասեցնելու որոշումը վերացվել է և գործն ուղարկվել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ քննությունը վերսկսելու հանձնարարությամբ՝ նկատի ունենալով, որ քրեական գործով առկա են պարզման, ստուգման և հստակեցման ենթակա մի շարք առանցքային նշանակություն ունեցող հանգամանքներ»,-ասաց Արևիկ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ 2003-ին Լեռնային Ղարաբաղի Մատաղիսի զորամասի զինծառայողներ Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի դիերն էր հայտնաբերվել: 2005թ. մայիսի 18-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը սպանության մեջ մեղավոր է ճանաչել նույն զորամասի զինծառայողներ Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին ու Արայիկ Զալյանին և նրանց դատապարտել է 15 տարի ազատազրկման։ Այնուհետև Վերաքննիչը խստացրեց պատիժը՝ սահմանելով ցմահ ազատազրկում: Վճռաբեկը բեկանեց այն և գործն ուղարկեց նոր քննության, իսկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն արդարացման վճիռ կայացրեց:










