Ֆելիքս Ցոլակյանը վետերանների հետ քննարկել է հրդեհների մարման մարտավարություն
Հուլիսի 12-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է «ՀՀ ԱԻՆ Վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության անդամներին: Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Պարբերական դարձած հանդիպման ժամանակ նախարարը վետերաններին իրազեկել է իրականացվող աշխատանքների մասին, ծանոթացրել ընթացիկ խնդիրներին և ներկայացրել ԱԻՆ առաջիկա գործողությունների ռազմավարությունը:
Վետերանները, կարևորելով նախարարի հետ հանդիպումները, հանդես են եկել մի շարք գործնական և առարկայական առաջարկություններով:
Դրանք վերաբերում էին խորհրդային տարիներից ժառանգված և ներկայումս մի շարք երկրներում կիրառվող գուծողությունների մեթոդաբանությանը՝ մասնավորապես, հրդեհների մարման մարտավարության և մի շարք այլ կարևոր ուղղություններով:
Այս կապակցությամբ առաջարկվել է սպայական կազմի հետ անցկացնել պարապմունքներ, որոնք կկրեն պարբերական բնույթ:
Քննարկվել է ՀՓՋ-ներ այցելությունների հնարավորությունը, որոնց ընթացքում կվերհանվեն առկա թերությունները և ամենամսյա զեկույցի տեսքով կներկայացվեն ԱԻ նախարարին:
Նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ամփոփելով վետերանների հետ հանդիպումը, հավաստիացրել է, որ բոլոր գործնական առաջարկները կդառնան գործնական լուծումներ: Ըստ նախարարի՝ մեր բոլոր խնդիրները կարող են լուծվել բարությամբ և սերունդների համերաշխությամբ:










