Միջազգային օժանդակության իմաստով մեծ սխալ ենք թույլ տվել՝ 2011-2012-ին Սիրիայից եկած հայերին զանգվածաբար ՀՀ քաղաքացիություն տալով. Ա. Ղազարյան
ԱԺ-ում «Փախստականների և ապաստան հայցողների հիմնախնդիրներն ու հնարավոր լուծումները թեմայով» համաժողովին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Միգրացիայի ծառայության պետ Արմեն Ղազարյանից հետաքրքրվեց, թե շեշտվում է, որ իր բնակչության համամասնության առումով Հայաստանը Սիրիայից փախստականներ ընկած թվով երրորդ երկիրն է, բայց ի տարբերություն այն երկրների, որոնք ևս սիրիացի փախստականներ են ընդունել, շատ ավելի քիչ գումարներ է ստանում միջազգային դոնոր կազմակերպություններից։
Արմեն Ղազարյանը պատասխանեց, որ Սիրիայից փախստակների մասով միջազգային օժանդակության և քաղաքականության իմաստով ՀՀ իշխանությունները սխալ են թույլ տվել 2011-2012թթ-ին, երբ զանգվածաբար Սիրիայից եկածներին մեր հայրենակիցներին ՀՀ քաղաքացիություն են տվել։
«Դա իր ազեդցությունն է ունեցել քաղաքացիության մասին մեր օրենքի և իրավակարգավորումների վրա, ինչպես նաև սահմանափակել է միջազգային դոնոր կազմակերպություններից օժանդակություն ստանալու հնարավորությունները»,-ասաց նա։
Նա նաև նշեց, որ լիովին հասկանալի է հումանիտար մղումը, որ այդ մարդիկ շուտ դուրս գան հակամարտության գոտիններից, բայց դա կարելի էր անել ավելի մտածված։
«Այն որ մենք ԵՄ համապատասխան ֆոնդից ստանում ենք X գումար, կարող էինք ստանալ 10 անգամ ավելի շատ գումար։ Դրա համար կրիզիսային պայմաններում ճիշտ քաղաքական կշռադատված որոշումեր կայացնելը հետագա արդյունքների վրա բնականաբար իրենց ազդեցություն են ստանում»,-ասաց նա։










