Ամուլսարում իրավիճակը հանգիստ է, ՔԿ ներկայացուցիչներն ու փորձագետները հեռացել են, բայց ճանապարհը փակ է (տեսանյութ, թարմացված)
18:50
17:00-ի դրությամբ քննչական կոմիտեի ներկայացուցիչները և փորձագետները և ոստիկանների մեծ մասը գնացել են, դեպի Ամուլսար գնացող ճանապարհները փակ են։ Այս մասին հայտնում են Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնությունից:
16։37
Ամուլսարում իրավիճակը հանգիստ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ամուլսարի շահագործման դեմ պայքարողներից Շիրակ Բունիաթյանը:
«Փորձագետները, քննչական կոմիտեի քննիչները գնացել են: Կեսը կարծես գնացել են Ջերմուկ, կեսը՝ Վայք: Չգիտենք՝ ուր գնացին, անորոշ վիճակ է: Ոստիկանական ուժերը շարունակում են մնալ այստեղ, բայց ընդհանուր հանգիստ է իրավիճակը»,- ասաց Շիրակ Բունիաթյանը:
Նա հայտնեց, որ Ջերմուկ տանող ճանապարհը բաց է, այն փակել էին այն ժամանակ, երբ բերման էին ենթարկում իրենց ընկերներին:
15։45
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Ամուլսարում այսօր ստեղծված իրավիճակի հետ։
«Ամուլսարի տարածքում այսօր տեղի ունեցող իրադարձությունները գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում։ Վաղ առավոտից Պաշտպանի ներկայացուցիչները կապի մեջ են Ոստիկանության հետ։
Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում կձեռնարկվեն օրենքով նախատեսված բոլոր գործողությունները»,-նշել է Մարդու իրավուքնների պաշտպանը:
15։25
«Լիդիան Արմենիա» ընկերություն հայտարարություն է տարածել Ամուլսարում այսօր տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Հայտարարությունում ասվում է, որ Ամուլսար փորձագետների այցը ընկերության նախաձեռնությունը չէ.
«Հարգելի գործընկերներ, ի պատասխան Ձեր հարցումների հայտնում ենք հետևյալը.
ՀՀ Քննչական կոմիտեն ծանուցել էր «Լիդիան Արմենիա» ընկերությանը, որ հարուցված քրեական գործի շրջանակներում այսօր Քննչական կոմիտեի քննիչները՝ փորձագետների մասնակցությամբ պետք է իրականացնեն միջոցառումներ Ամուլսարի տարածքում։
«Լիդիան Արմենիա» ընկերությունն այս այցը չի նախաձեռնել, ընկերության երկու փորձագետները ուղեկցել են Քննչական կոմիտեի քննիչներին և փորձագետներին։ Մի խումբ ցուցարարներ, որոնք արդեն մեկ տարի ապօրինի փակ են պահում Ամուլսարի ճանապարհները, խոչընդոտել են Քննչական կոմիտեի մուտքն Ամուլսարի տարածք՝ չենթարկվելով ոստիկանության պահանջին։
Սա հերթական անգամ ապացուցում է Ամուլսարի ծրագրի շուրջ շարունակական ապօրինությունների մասշտաբը: Մի խումբ մարդիկ, որոնք մեր համոզմամբ չեն ներկայացնում համայնքի տեսակետը, արդեն մեկ տարուց ավելի իրականացնում են անպատիժ ապօրինություն՝ փորձելով տապալել երկրի ամենախոշոր միջազգային ներդրումը։ Այսօր էլ նրանք փորձել են խոչընդոտել փորձաքննական միջոցառումները, որի նախաձեռնողը ՀՀ Քննչական կոմիտեն է»։
15։10
Միջադեպի հետ կապված Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել, որում ասվում է, որ քաղաքացիներն արգելել են քննիչների ու փորձագետների այցը Ամուլսար, նախաքննական մարմինը դիմել է ոստիկանությանը։
«ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում այսօր քննիչը և փորձագետները շինարարատեխնիկական, ապրանքագիտական, նյութագիտական և էկոլոգիական համալիր փորձաքննության իրականացման շրջանակներում կազմակերպել են այց Ամուլսարի հանք, սակայն քաղաքացիները արգելում են խմբի մուտքը հանքի տարածք: Այս մասին հայտարարությւոն է տարածել ՀՀ Քննչական կոմիտեն:
«Փորձաքննության կատարումը հնարավոր դարձնելու համար, նախաքննական մարմինը դիմել է ոստիկանությանը՝ խմբի անարգել մուտքը ապահովելու համար»,-ասվում է ՔԿ–ի հայտարարության մեջ:
14։02
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից Tert.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ Ամուլսարի տարածքից ոստիկանության բաժին բերվածներ կան:
13։03
Արենի խոշորացված համայնքի ավագանին հուլիսի 10-ի նիստում քննարկել է «Արենի համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու մասին» 2019 թվականի մայիսի 6-ին ընդունած իր որոշումն անվավեր ճանաչելու հարցը։
Ավագանու նիստում 2 կողմ, 5 դեմ, 1 ձեռնպահ ձայներով որոշումը չի ընդունվել, որը նշանակում է, որ մետաղական հանքարդյունաբերությունն արգելող ավագանու որոշումը մնում է ուժի մեջ։
Tert.am-ի հետ զրույցում Ամուլսարի շահագործման դեմ պայքարողներից Շիրակ Բունիթյանն ասաց, որ հանքավայրի մոտ իրավիճակը լարված է, ոստիկանությունը փորձ է անում տարածքից հեռացնել Ամուլսարի պաշտպաններին ու տեղացիներին. «Առավոտյան ոստիկանության ծառայողները փորձեցին մի քանիսին ձեռնաշղթաներով հեռացնել, բայց չստացվեց, այս պահին բերման ենթարկված չկա, բայց իրավիճակը շարունակում է լարված մնալ: Մենք շարունակում ենք մնալ և թույլ չտալ բացել ճանապարհը փորձագետների առաջ»:
Բնապահպաններից Շահանե Խաչատրյանն էլ ֆեյսբուքի իր էջում գրառում է արել և հայտնել, որ Ամուլսարի 1-ին ճամբարի մոտ լարված իրավիճակ է, ոստիկաններն առանց հիմնավորման փորձում են ձերբակալել տեղացիներին և Ամուլսարի պաշտպաններին։
«Ավելի վաղ վերջիններս տեղեկություն էին ստացել, որ ինչ-որ անձինք փորձելու են այսօր մուտք գործել Ամուլսարի տարածք։ Վաղ առավոտից նրանք հավաքվել էին, որ թույլ չտան դա։
Մոտ կես ժամ առաջ՝ 11։ 20-ի սահմաններում, առաջին պոստին են մոտեցել մեքենաներ, որտեղ, ըստ ականատեսների վկայությունների, եղել են ինչ-որ փորձագետներ և Քննչականի ներկայացուցիչներ։
Ականատեսի խոսքով՝ ոստիկանները թույլ են տվել, որ այդ մեքենաներն առաջին պոստի մոտով անցնեն և բարձրանան դեպի Ջերմուկ քաղաք և 2-րդ պոստ տանող ճանապարհը, սակայն, երբ տեղացիները և Ամուլսարի պաշտպանները, փորձել են նրանց հետևից գնալ և հասկանալ, թե ուր են գնում, արդյոք փորձո՞ւմ են մուտք գործել դեպի Ամուլսար տանող հատված, ոստիկանները շարասյունով փակել են նրանց ճանապարհը։ Դրանից հետո առանց հիմնավորման՝ փորձել են ձերբակալել մարդկանց։
Ոստիկանությունը և Քննչականը բանակցում են տեղացիների հետ: Քննչական կոմիտեն պահանջում է բացել հանք տանող ճանապարհը։
Երեկ տեղացիները հայտարարություն են տարածել՝ պահանջելով փորձաքննական աշխատանքների շրջանակներում արձանագրել համայնքի դիրքորոշումն ու իրավունքների խախտումները։ Այժմ տեղացիները փակած են պահում Գնդեվազի կողմից Ամուլսար տանող ճանապարհը»-գրել է նա։
Հայկական բնապահպանական ճակատն էլ ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է, որ Ամուլսարում լարված է, Քննչական կոմիտեն պահանջում է բացել հանք տանող ճանապարհը, և ժամը 12։20 րոպեին տվել է 20 րոպե ժամանակ։ Թարմացումով նույն էջը հայտնում է, որ
12:30 Ամուլսարի 3-րդ պոստում համայնքը Քննչականից պահանջում է կիրակի օրը ներկայանալ իրենց ժողովին, արձանագրել իրենց դիրքորոշումը Քննչականի պատվիրած փորձաքննության շրջանակներում:
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին ավագանին, հիմք ընդունելով համայնքի բնակիչների կողմից կազմակերպված հանրագիր-ստորագրահավաքը՝ թվով 2868 ստորագրություն, որոշել էր Արենի համայնքը ճանաչել էկո-տնտեսական տարածք և այսուհետ արգելել համայնքի վարչական տարածքում մետաղական հանքարդյունաբերության հետ կապված հետախուզական, առավել ևս հանքավայրերի շահագործման աշխատանքները:











