Գաճաճ մականունով հայտնի նարկոբարոնի մայրը նամակ է գրել Թրամփին և խնդրել թույլ տալ հանդիպել որդու հետ
Գաճաճ մականունով հայտնի նարկոբարոն Խոակին Գուսման Լոերայի (Էլ Չապո) մայրը նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ խնդրելով նրան թույլ տալ հանդիպել ամերիկյան բանտում գտնվող որդու հետ, գրում է mexiconewsdaily.com-ը:
Formula ռադիոկայանին տված հարցազրույցում նարկոբարոնի պաշտպան Խոսե Ռոդրիգեսը հայտնել է, որ Թրամփին ուղղված նամակում Մարիա Կոնսուելո Լոերա Պերեսը խնդրում է իրեն մարդասիրական վիզա տրամադրել՝ որդուն տեսակցելու համար: Խնդրանքի պատասխանը դեռ չկա:
Ավելի վաղ Լոերա Պերեսը նմանատիպ խնդրանքով դիմել էր Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորին, սակայն վիզա ստանալու հարցը դեռ չի լուծվել:
Գուսման Լոերային ձերբակալել էին 2016 թվականի սկզբին՝ Մեքսիկայում, իսկ մեկ տարի անց արտահանձնել ԱՄՆ-ին, որտեղ միանգամից մի քանի նահանգ նրան կոկաինի մատակարարման, զենքի ապօրինի պահման և սպանությունների կազմակերպման համար մեղադրանքներ է առաջադրել:
Վերջերս Նյու Յորքի դատարանը Գուսմանին մեղավոր է ճանաչել մեղադրանքների բոլոր կետերով, նրան ցմահ ազատազրկում է սպառնում: Սպասվում է, որ դատավճիռը կհրապարակվի հուլիսի 17-ին:
![]()










