«Այստեղ է ապրում չար աքլոր Գեորգի Գաբունիան». Պուտինին վիրավորած վրացի հաղորդավարի տան վրա վիրավորական գրառմամբ ցուցանակ է հայտնվել

14:29 • 13.07.19

Թբիլիսիում վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի սկանդալային հաղորդավար Գեորգի Գաբունիայի տան վրա նրան վիրավորող գրությամբ ցուցանակ է հայտնվել, հայտնում է kp.ru-ի թղթակիցը: 

«Այստեղ է ապրում չար աքլոր Գեորգի Գաբունիան»,- գրված է ցուցանակի վրա:

Ինչպես նշում է լրատվամիջոցը, ցուցանակը կախված է մնացել տան վրա մի քանի օր:

Հեռուստաալիքի եթերում ՌԴ նախագահին վիրավորած հաղորդավարի հարևանները kp.ru-ի լրագրողին հայտնել են, որ Գաբունիան արդեն մի քանի օր է՝ թիկնապահներով է շրջում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, անցած կիրակի «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիան իր «P.S.» հեղինակային ծրագիրը սկսել է ՌԴ նախագահի հասցեին հայհոյանքներ տեղալով: Մեծ թվով օգտատերեր քննադատել են Գաբունիային և մտավախություն հայտնել, որ վրաց-ռուսական հարաբերությունները կարող են է՛լ ավելի սրվել: Հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել է, որ անթույլատրելի է համարում հայհոյանքը եթերում, թեև կիսում է հեռուստահաղորդավարի կարծիքը:

Վրաստանում մի քանի հարյուր մարդ եթերից հետո հավաքվել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շենքի մոտ՝ պահանջելով ազատել աշխատանքից հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիային, որն ուղիղ եթերում հայհոյել ու վատ է արտահայտվել Ռուսաստանի Դաշնության նախագահի հասցեին: Այս առնչությամբ քննադատությամբ են հանդես եկել և՛ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, և՛ երկրի ԱԳՆ-ն՝ քննադատելով հաղորդավարի ելույթը և այն սադրանք որակելով:

Դրանից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դեմ է արտահայտվել Վրաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանմանը:

«Ես դա չէի անի՝ հենց վրաց ժողովրդի հանդեպ հարգանքից ելնելով»,- ասել էր ՌԴ նախագահը լրագրողներին:

Ավելի վաղ նման նախաձեռնությամբ էր հանդես եկել ՌԴ խորհրդարանի ստորին պալատը՝ Պետդուման: Պատճառը «չդադարող հակառուսական սադրանքներն են»:

Նախագահը նաև մեկնաբանել է իրեն վիրավորած հաղորդավար Գեորգի Գաբունիայի դեմ քրեական գործ հարուցելու հարցը: 

«Մեծ պատիվ կլինի ինչ-որ քրեական գործեր հարուցելը, թող շարունակեն հեռարձակել»,- ասել է ՌԴ նախագահը: