Վրաց գինեգործները բողոքի ակցիա են իրականացրել «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շենքի մոտ
Վրաստանի գինու տարածաշրջանի` Կախեթիի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շենքի դիմաց՝ պահանջելով գործադիր տնօրեն Նիկա Գվարամիայի հրաժարականը վրացական գինու և դրա Ռուսաստան արտահանելու վերաբերյալ հնչեցրած հայտարարության պատճառով: Այդ մասին հաղորդում է Sputnik Georgia-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակցիային մասնակցել է մի քանի տասնյակ մարդ: Ցուցարարները Գվարամիայի խոսքերն անվանել են վիրավորական ամբողջ Կախեթիի և երկրի հնագույն գինեգործական մշակույթի հանդեպ: Պաստառներից մեկի վրա գրված է եղել. «Մենք եկել ենք Նիկ Գվարամիային տանելու, նա թունավոր լեզու ունի, թող այդ թույնը մեր այգիների վրա դուրս տա»:
Իսկ նախօրեին, ցերեկը, գինեգործները մոտ կես ժամով փակել էին Վազիանի-Գոմբորի-Թելավի մայրուղին` իրենց դժգոհությունն արտահայտելով «Ռուսթավի 2»-ի գործադիր տնօրենի ագրեսիվ հայտարարությունների դեմ:
Արձագանքելով բողոքի ակցիային՝ Գվարամիան ֆեյսբուքում գրել էր, որ «ինքն ուզում է թքել այն մարդկանց գինու և այլ ապրանքների մեջ, որոնք հանուն ռուսական շուկայի վաճառում են երկրի շահը»:










