Զելենսկին առաջարկել է Օդեսայի նոր նահանգապետի ընտրության համար մրցույթ անցկացնել

15:55 • 13.07.19

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Օդեսայի նոր նահանգապետը կընտրվի մրցույթի արդյունքում, գրում է unn.com.ua-ն:

Ավելի վաղ Ուկրաինայի կառավարությունը համաձայնեցրել էր Վլադիմիր Զելենսկիի առաջարկած 8 թեկնածուների նշանակումը նահանգապետերի պաշտոնում, որոնց թվում էր նաև Անդրեյ Անդրեյչիկովը՝ Օդեսայի նահանգապետի թեկնածուն: Դրանից հետո Օդեսայում բողոքի ցույց էր անցկացվել Անդրեյչիկովի նշանակման դեմ, որին կապեր էին վերագրել Ուկրաինայից փախած և նախկինում գոյություն ունեցած ռուսամետ «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Իգոր Մարկովի հետ:

«Ես կարծում եմ, որ մենք չենք կարող ռիսկի դիմել Օդեսայում, նույնիսկ Անդրեյչիկովի հետ կապված, որին ես անձամբ եմ ճանաչում: Մենք մրցույթ կանցկացնենք Օդեսայում»,- ասել է Զելենսկին:

Հիշեցնենք, որ Օդեսայի նահանգապետի պաշտոնում 2015 թվականին նշանակվել էր Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը պաշտոնավարել է ընդամենը 1 տարի: