Սոմալիի հյուրանոցներից մեկում ահաբեկչություն է տեղի ունեցել. կան զոհեր
Սոմալիի Քիսմայո քաղաքի հյուրանոցներից մեկում «Աշ-Շաբաբ» խմբավորման կողմից իրականացված ահաբեկչության հետևանքով առնվազն տասը մարդ է զոհվել:
Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնում է Agence France-Presse-ը` վկայակոչելով տեղի անվտանգության ուժերի ներկայացուցչին:
«Մենք հաստատում ենք տասը հոգու մահվան հանգամանքը, այդ թվում՝ համայնքի նախկին ղեկավարի և նրա տեղակալի»,- գործակալությունը մեջբերում է աղբյուրի հաղորդած տեղեկությունը:
Նշվում է, որ ահաբեկչության զոհերի թիվը կարող է աճել:
Հիշեցնենք, որ ուրբաթ Քիսմայո քաղաքի հյուրանոցներից մեկի մոտ ավտոմեքենա էր պայթեցվել, որի ղեկին եղել էր մահապարտ ահաբեկիչը: Դրանից հետո մի խումբ զինյալներ ներխուժել էին հյուրանոց և կռվի բռնվել անվտանգության աշխատակիցների հետ: Հարձակման պահին հյուրանոցում անցկացվում էր բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում:










