Հունաստանում 7 մարդու կյանք խլած փոթորկի ավերածությունները՝ անօդաչու թռչող սարքի տեսագրած կադրերում (տեսանյութ, լուսանկարներ)
Անօդաչու թռչող սարքը տեսագրել է Հունաստանի հայտնի զբոսաշրջային վայրերից մեկում՝ Խալկիդիկի շրջանում, տեղի ունեցած փոթորկի ավերածությունները, որի հետևանքով մահացել է 7 և վիրավորվել առնվազն 23 մարդ, գրում է Daily Mail-ը՝ տեղական աղբյուրներին հղումով:
Կադրերում երևում է, թե որքան մեծ ավերածություններ է հասցրել հզոր փոթորիկը. արմատախիլ եղած ծառեր, գլխիվայր շրջված մեքենաներ, ծառերին հայտնված լողափի նստարաններ և թափոններով լցված ափամերձ տարածքներ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, փոթորկի հետևանքով 6 զբոսաշրջիկ է մահացել: Զոհերի թվում են Չեխիայից, Ռումինիայից և Ռուսաստանից զբոսաշրջիկներ:
Չեխ տարեց զույգը մահացել է, երբ ուժեղ քամին քշել է նրանց թրեյլերը, իսկ Ռումինիայի քաղաքացիներ մի կին և 8-ամյա տղա մահացել են Նեա Պլայա քաղաքում ռեստորանի տանիքի փլուզման հետևանքով:
ՌԴ 2 քաղաքացիներ՝ հայր և որդի, մահացել են Նեա Պոտիդեյա քաղաքի հյուրանոցից ոչ հեռու՝ ծառի տապալման հետևանքով:
Իշխանությունները Խալկիդիկի շրջանում արտակարգ դրություն էին հայտարարել:



















