Իրանը Պարսից ծոցում մաքսանենգ վառելիք տեղափոխող արտասահմանյան լցանավ է կալանել

17:27 • 18.07.19

Կիրակի Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի մի մասը) Պարսից ծոցում մեկ միլիոն լիտր մաքսանենգ վառելիք տեղափոխող արտասահմանյան լցանավ է կալանել, հաղորդում ria.ru-ն՝ տեղական աղբյուրներին հղումով:

Կորպուսի փոխանցմամբ՝ նավի վրա 12 օտարերկրացի է եղել:

Պարսից ծոցում և հարակից շրջաններում իրավիճակը նկատելիորեն սրվել է վերջին մի քանի ամիսներին։

Հարևան Օմանի ծոցում հունիսի կեսերին հարձակումներ էին կատարվել Front Altair և Kokuka Courageous լցանավերի վրա: Իրանը հերքում է իր մասնակցությունը կատարվածին:

Դրանից հետո ևս մեկ միջադեպ էր գրանցվել. իրանցի զինվորականները հայտնել էին երկրի օդային տարածքը խախտած ամերիկյան անօդաչու թռչող սարքի խոցման մասին:

Ավելի ուշ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր, որ անօդաչուն խոցել են միջազգային օդային տարածքում՝ Հորմուզի նեղուցի երկնքում: