Օմանի ծոցում նավթային լցանավերի վրա հարձակում է իրականացվել, անձնակազմը փրկվել է. լրատվամիջոցներ (լուսանկարներ)

15:19 • 13.06.19

Օմանի ծոցում երկու նավթային լցանավերի վրա հարձակում է իրականացվել, անձնակազմը փրկվել է, գրում է РИА Новости-ն՝ իրանական և արաբական լրատվամիջոցներին հղումով:

Խոսքը Նորվեգիայի դրոշի ներքո նավարկող Front Altair և Պանամայի դրոշի ներքո նավարկող Kokuka Courageous նավերի մասին է: Al-Mayadeen հեռուստաալիքը հաղորդել էր, որ առաջին նավը խորտակվել է, մինչդեռ Reuters գործակալությունը հերքել է այդ տեղեկությունը՝ հայտնելով, որ այն դեռ այրվում է:

Թայվանի պետական էներգետիկ ընկերությունը հայտարարել է, որ Front Altair նավի վրա, որը վառելիք էր տեղափոխում Մերձավոր Արևելքից, հավանաբար, տորպեդ է ընկել:

Օմանի իշխանությունները հաստատել են միայն նորվեգական նավի վրա հարձակման փաստը՝ նշելով, որ նավի վրա պայթյուն է տեղի ունեցել, երբ այն գտնվել է Իրանի տարածքային ջրերում:

Նավի անձնակազմի 44 անդամները փրկվել են Իրանի փրկարար ծառայությունների կողմից և անվտանգության մեջ են:

Ինչ վերաբերում է երկրորդ նավին, որը մեթանոլ էր տեղափոխում, դրա կմախքը վնասվել է, անձնակազմի 23 անդամները լքել են նավը, հայտնել են Kokuka Courageous BSM Ship Management սինգապուրյան ընկերության ներկայացուցիչները: