Ճապոնիայի անիմեի արտադրությամբ զբաղվող ստուդիան հրկիզած տղամարդը հայտարարել է, որ իրենից «գողացել են իր նովելը»

10:16 • 19.07.19

Տղամարդը, որը հրկիզել էր Ճապոնիայի Կիոտո քաղաքի անիմեի արտադրությամբ զբաղվող Kyoto Animation ստուդիան, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 33-ի, իսկ 36-ը տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել, հայտարարել է, որ «իրենից գողացել էին իր նովելը», գրում է ria.ru-ն՝ տեղական աղբյուրներին հղումով:

Հինգշաթի առավոտյան տղամարդը ներխուժել էր Ճապոնիայի Kyoto Animation եռահարկ ստուդիայի առաջին հարկ և ատելությամբ լի բացականչություններով հատակին բենզին լցրել և հրկիզել ամբողջ շենքը: Հրդեհն անմիջապես տարածվել էր շենքով. մոտ 700 քառակուսի մետր մակերեսով եռահարկ շենքը գրեթե ամբողջությամբ այրվել էր: Հրդեհի հետևանքով զոհվել է 33 մարդ։

Մի քանի րոպե անց նրան ձերբակալել էին: Աղբյուրի հաղորդմամբ՝ վերջինիս ոտքերն ու կուրծքը խիստ այրված են, ուստի հինգշաբթի նա չի կարողացել ցուցմունք տալ այրվածքների պատճառով:

Ձերբակալության ժամանակ նա միայն հասցրել է ասել, որ ստուդիան իրենից «գողացել է իր նովելը», և որ նա գազի վառարանի համար նախատեսված կրակայրիչ է օգտագործել։

Մահացածների մեծ մասը հայտնաբերվել է երրորդ հարկում՝ տանիք տանող աստիճանների վրա: Աղբյուրը նշում է, որ ամենայն հավանականությամբ, մարդիկ փորձել են փրկվել՝ տանիք բարձրանալով, սակայն չեն հասցրել:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը՝ Ճապոնիայի Կիոտո քաղաքում անիմեի արտադրությամբ զբաղվող ստուդիայում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով այրվել է եռահարկ շենքը:

Հրդեհը դարձել է Ճապոնիայի պատմության մեջ ամենաողբերգական հրդեհեներից մեկը: