Էրդողանը չի վստահում ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանությանը. ՌԴ-ից C-400-ներ գնելով՝ նա փորձում է լուծել անձնական անվտանգության խնդիրը. Անուշ Հովհաննիսյան

23:01 • 24.07.19

Ռուսասկան C-400-ները գնելով ու ՆԱՏՕ-ի համար խնդիրներ առաջացնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձեց լուծել իր անձնական անվտանգության հարցը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը:

«ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառեց Թուրքիայի նկատմամբ՝ կանգնեցնելով F-35-ի մատակարարումները: Մյուս կողմից տնտեսական պատժամիջոցներ կիրառվեցին, ինչն ազդեց թուրքական տնտեսության վրա: Էրդողանը հույսը դրել էր Թրամփի հետ Ճապոնիայում տեղի ունեցած անձնական հանդիպման վրա: Չի հրապարակայնացվում, թե ինչ են խոսել, բայց Էրդողանը հույս է հայտնում, որ Թրամփը կմեղմի պատժամիջոցները: Թուրքիան դիմեց խորամանկության՝ երկարաձգելով C-400-ների մատակարարումը»,- ասաց Անուշ Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ ամեն դեպքում ԱՄՆ կոնգրեսը տրամադրված է վճռական, բայց ժամանակի ընթացքում հնարավոր է փոփոխություններ լինեն, հատկապես, որ Թուրքիան կարողանում է շանտաժի լեզվով խոսել թե՛ ԵՄ-ի, թե՛ ԱՄՆ-ի հետ:

«Թուրքիայում կա քննադատություն, որ պետք էր կանգ առնել, որ ՆԱՏՕ երկիրը չպետք է վիճի Արևմուտքի հետ, որ կարելի էր նման բան չանել և այն: C-400-ները, ինչպես մասնագետներն են նշում, լավն են, եթե ճիշտ ես օգտագործում: Կարծում եմ, որ 2016թ.-ի չստացված հեղաշրջման փորձից հետո, երբ Ռուսաստանը Էրդողանին զգուշացրեց, որ նման բան է տեղի ունենում ու ինքն էլ մազապուրծ ճողոպրեց նստավայրից, Էրդողանն անձնական անվտանգության խնդիր ունի: Թուրքիայի նախագահը չի վստահում ՆԱՏՕ-ի ու ԱՄՆ-ի հակաօդային պաշտպանությանը և լուծում է իր անձնական անվտանգության խնդիրը, որ կանխի նման երևույթները: Սա պնդում են թուրքական բազմաթիվ մասնագետներ, և կարծում եմ, որ սա բնորոշ է Էրդողանին, հակառակ դեպքում՝ դիմադրել նման ճնշման հնարավոր չէր լինի»,- նշեց Հովհաննիսյանը:

Թուրքագետն ասաց, որ Թուրքիայի գործողությունները ձեռնտու են Ռուսաստանին, միևնույն ժամանակ պաշտոնական Անկարան բալանսավորված քաղաքականություն է վարում՝ «երբ ձեռնտու է շուռ է գալիս դեպի Արևմուտք, երբ ոչ՝ դեպի Ռուսաստան»: Անուշ Հովհաննիսյանն ասաց, որ Թուրքիան կախված է ՆԱՏՕ-ից ու «խաղը երկար չի տևի»: