Ավիափոխադրողը չեղարկել է չվերթը, քանի որ տուրիստական ընկերությունը չի կատարել վճարումը. Եգիպտոսում ՀՀ հյուպատոսը՝ Հուրգադայում մնացած 100 քաղաքացիների մասին

14:59 • 25.07.19

Մոտ 100 ՀՀ քաղաքացի այս պահին գտնվում է Եգիպտոսի Հուրգադա քաղաքում և չի կարողանում վերադառնալ Հայաստան, քանի որ չեղարկվել է նրանց չվերթը:

Tert.am-ի հետ զրույցում Եգիպտոսում ՀՀ հյուպատոս Ռաֆայել Մովսեսյանը հայտնեց, որ արդեն կապ են հաստատել փոխադրող ավիաընկերության հետ, վերջինս նշել է, որ չվերթը չեղարկվել է, քանի որ Հայաստանի տուր ընկերությունը չի կատարել ֆինանսական պարտականությունները:

Հարցին՝ խոսքը դարձյալ «A&R TOUR» ընկերության մասի՞ն է, հյուպատոսն ասաց՝ չի ցանկանում անուններ տալ: 

«Մենք փորձեցինք կապ հաստատել այդ տուր օպերատորի հետ, որը ոչ մի կերպ չի պատասխանում զանգերին: Փոխադրողը մեզ ասել է, որ եթե այսօր մինչև ժամը 12-ը փոխանցվի գումարն, ապա վաղն առավոտյան իրենք պատրաստ են չվերթ իրականացնել, սակայն արդեն ժամը 12:30 է: Այս պահի դրությամբ ես տեղյակ չեմ՝ գումարը փոխանցվե՞լ է, թե՞ ոչ: Փոխադրողը, սակայն, չի հրաժարվում իր պարտականություններից»:

Ռաֆայել Մովսեսյանը նշեց, որ իրենք մշտապես կապի մեջ են թե՛ փոխադրողի, թե՛ Հուրգադայում մնացած քաղաքացիների հետ:

Հարցին՝ քաղաքացիներն այս պահին ի՞նչ վիճակում են, շատերը նշում են՝ այլևս գումար չունեն, Մովսեսյանն ասաց, որ այս պահի դրությամբ այդ քաղաքացիները որևէ բանի կարիք չունեն:

Ռաֆայել Մովսեսյանը նշեց նաև, որ Հուրգադայում մնացած քաղաքացիները կարող են շուրջօրյա ռեժիմով զանգահարել թեժ գծին՝ +20 120 705 0580:

Tert.am-ը փորձեց կապ հաստատել «A&R TOUR» ընկերության հետ, սակայն ընկերությունից չպատասխանեցին զանգերին։

Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին Շարմ էլ Շեյխ-Երևան և հակառակ ուղղությամբ չարտերային չվերթները չէին կայացել, տասնյակ ուղևորներ չէին կարողացել մեկնել հանգստի կամ վերադառնալ։