Ուկրաինայի կողմից կալանված ռուսական լցանավի անձնակազմի անդամները ժամանել են Մոսկվա
Ուկրաինայի կողմից կալանված ռուսական լցանավի անձնակազմի անդամները Մոսկվա են ժամանել: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Ծովագնացները «Դոմոդեդովո» օդանավակայան են ժամանել Քիշնևից:
Լցանավի կապիտան Իլյա Դրեբյազկան գործակալությանը պատմել է, որ վկայություն չի տալու ուկրաինական դատարանին: Վերջինս պարզաբանել է, որ նավաստիները կապ չունեն Կերչի նեղուցում 2018 թվականի աշնանը տեղի ունեցած իրադարձությունների հետ, ուստի որպես վկա չեն կարող հանդես գալ:
Ավելի վաղ, լցանավի կապիտանը հաղորդել էր, որ լցանավն ուկրաինական նավահանգիստ էր մտել վերանորոգման նպատակով և նախքան մտնելը տրամադրել էր բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Դատախազության աշխատակիցները խուզարկություն են անցկացրել լցանավում և փաստաթղթեր առգրավել:
Ավելի ուշ ուկրաինական կողմը բաց է թողել անձնակազմին: Ուկրաինայի անվտանգության ծառայությունում պարզաբանել են, որ ծովագնացները չեն խախտել միջազգային նորմերն ու Ուկրաինայի օրենքները, և նրանց կալանքի տակ պահելու հիմքեր չկան:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը՝ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հինգշաբթի Օդեսայի նահանգի Իզմայիլի նավահանգստում կալանել էր NEYMA ռուսական նավթային լցանավը: Կիևում հայտնել են, որ լցանավը մասնակցել է նախորդ տարի Կերչի նեղուցում ուկրաինական ռազմանավերի շրջափակմանը:










