Մոսկվայի կենտրոնում բերման ենթարկվածների թիվը 435-ի է հասել, ոստիկանությունը ներխուժել է ցույցն ուղիղ եթերով լուսաբանող հեռուստաալիքի ստուդիա (տեսանյութ)
Մոսկվայի քաղաքապետարանի շենքի մոտ նախատեսված բողոքի ցույցին ընդառաջ բերման ենթարկվածների թիվը հասել է 435-ի, գրում է meduza.io-ն։ Ավելի վաղ հաղորդվել էր 211 բերման ենթարկվածի մասին։ Նշվում է, որ ձերբակալվածների զգալի մասը Մոսկվայի բնակիչ չէ։
Հաղորդվում է, որ ներկա պահի դրությամբ բողոքի ցույցի մասնակիցների թիվը 3500-ի է հասնում, որոնցից շուրջ 700-ը լրատվամիջոցների ներկայացուցիչներ են։
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է՝ ինչպես են ոստիկանության աշխատակիցները ներխուժում «Навальный Live» հեռուստաալիքի ստուդիա, որի լրագրողն ուղիղ եթերով Մոսկվայի կենտրոնից լուսաբանում էր ակցիան։ Հեռարձակումն ընդհատվել է, սակայն քիչ անց վերականգնվել է։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր tert.am-ը, Մոսկվայի քաղաքապետարանի մոտ այսօր՝ երևանյան ժամանակով ժամը 15:00-ին իշխանությունների հետ չհամաձայնեցված բողոքի ակցիա էր նախատեսված, որի մասնակիցները պահանջում են Մոսկվայի քաղաքային դումայի ընտրությունների անկախ թեկնածուների գրանցում: Մինչ ակցիայի սկսվելն արդեն բերման են ենթարկվել բազմաթիվ անկախ թեկնածուներ՝ Իլյա Յաշինը, Դմիտրի Գուդկովը, Լյուբով Սոբոլը, Իվան Ժդանովը, այլք:
Մոսկվայում հուլիսի 14-ից Մոսկվայի քաղաքային դումայի ազատ ընտրությունների պահանջով բողոքի ակցիաներ են անցկացվում:
Видео, как полиция врывалась в студию @navalnylive, откуда велась прямая трансляция акции на Тверской. pic.twitter.com/4Wbh0sP8cK
— Ilya Pahomov (@ilyapahomov) July 27, 2019










