Տյումենի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել են ՀՀ-ից դեպի Օմսկ ուղևորվող միկրոավտոբուսի վարորդն ու 2 ուղևոր

16:51 • 29.07.19

ՌԴ Տյումենի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել են ՀՀ-ից դեպի Օմսկ ուղևորվող Toyota մակնիշի միկրոավտոբուսի վարորդը (ծնված՝ 1988թ․) և երկու ուղևոր (ծնված՝ 1998թ․ և 1976թ․), տեղեկանում ենք ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից:

Քաղաքացիները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իշիմի քաղաքային հիվանդանոց։

Դեսպանությունը մշտական կապ է պահպանում ՌԴ համապատասխան մարմինների հետ։

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Ռուսաստանի Դաշնության Տյումենի մարզում մինիվենն ու մարդատար ավտոմեքենան իրար են բախվել: Դեպքը տեղի է ունեցել կիրակի երեկոյան՝ Իշիմ քաղաքի մոտակայքում գտնվող մայրուղում:

«Բախվել են Հայաստանից մեկնած և Օմսկ ուղևորվող Toyota միկրոավտոբուսը և Renault Logan մակնիշի ավտոմեքենան»,- ասված է ՌԴ պետավտոտեսչության մարզային վարչության հայտարարության մեջ:

Վթարի հետևանքով մեկ կին է մահացել, 6 մարդ տուժել է: Տուժածների թվում 15-ամյա դեռահաս կա: