Հարավային Կորեայում գնահատել են նոր հյուսիսկորեական սուզանավի ներուժը
Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հավատացած է, որ Հյուսիսային Կորեայի նոր սուզանավը կարող է առնվազն երեք բալաստիկ հրթիռ կրել, գրում է ria.ru-ն՝ Ռյոնհապ գործակալությանը հղումով:
Գործակալության տվյալներով՝ այդ մասին տեղեկատվությունը ներկայացվել է Կորեայի խորհրդարանի անվտանգության կոմիտեում:
«Հյուսիսային Կորեայի կողմից արված լուսանկարներում սուզանավի մի հատվածը քողարկված է. ըստ երևույթին, դա հրթիռների արձակման վայրն է»,-գործակալությունը մեջբերում է ռազմական գերատեսչության զեկույցը:
Հաղորդվում է նաև, որ Հյուսիսային Կորեան մոտ ապագայում սուզանավը պատրաստվում է շահագործման հանձնել:
Նշենք, որ օրերս Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը զննել էր երկրի ռազմածովային ուժերի համար նախատեսված նոր սուզանավը: Իր այցի ընթացքում Կիմ Չեն Ընն ընդգծել էր, որ ԿԺԴՀ-ի համար սուզանավերի առկայությունը ռազմավարական մեծ նշանակություն ունի: Նա նաև հայտարարել էր ռազմածովային ուժերի համար սպառազինությունների մշակման անհրաժեշտության մասին, որպեսզի ապահովվի պետության հուսալի պաշտպանությունը:










