Կանադայի գիշերային ակումբներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել. կա առնվազն 7 տուժած
Կանադայի Տորոնտո քաղաքի District 45 գիշերային ակումբում հրաձգություն է տեղի ունեցել: Հրաձգության հետևանքով առնվազն 7 մարդ է տուժել:
Global News հեռուստաալիքի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 6-ի գիշերը։ Տուժածներից երեքը հոսպիտալացվել են, նրանցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Ակումբի սեփականատիրոջ խոսքով՝ հրաձգության պահին ակումբում գրեթե 250 մարդ է եղել:
Իրավապահ մարմինների համաձայն՝ նրանք գիշերային ակումբի այցելուներից մի քանի ահազանգ են ստացել երեկույթի ժամանակ ծագած վիճաբանության մասին: Ոստիկանությունը դեռ չի հրապարակել ենթադրյալ հրաձիգի մասին տեղեկությունը, սակայն, նրա ներկայացուցչի խոսքով, հետաքննությունը հեշտ կընթանա՝ միջադեպի մեծ թվով վկաների պատճառով:
Նշենք, որ ԱՄՆ-ում անցած օրերին զանգվածային հրաձգության միանգամից երեք դեպք էր գրանցվել:
ԱՄՆ Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքի առևտրի կենտրոններից մեկում հրաձգություն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, ևս 26-ը վիրավորվել է: Տուժածները հիվանդանոց են տեղափոխվել, նրանցից շատերի վիճակը ծայրահեղ ծանր է: Տուժածների թվում 2 երեխա կա: Հրաձգությունը տեղի էր ունեցել շաբաթ երեկոյան: Ոստիկանությունը ձերբակալել է հրաձգության համար կասկածվող 21-ամյա երիտասարդին, որը Դալլաս քաղաքի բնակիչ է:
Հրաձգության երկրորդ դեպքը գրանցվել է ԱՄՆ Օհայո նահանգի Դեյթոն քաղաքի բարերից մեկում, ինչի հետևանքով 10 մարդ է զոհվել՝ այդ թվում հրաձիգը, ևս 16-ը տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել:
Երրորդ դեպքը գրանցվել է Չիկագոյի մանկական խաղահրապարակում, որի հետևանքով 7 մարդ է վիրավորվել: Միջադեպը գրանցվել էր տեղի ժամանակով ժամը 1:20-ին (երևանյան ժամանակով՝ ժամը 10:20-ին): Անհայտ անձը կրակ էր բացել սև գույնի Chevrolet Camaro մակնիշի մեքենայից:










