Լեոնարդո դի Կապրիոն իր փառքը վերագրել է «ճիշտ ժամանակին ճիշտ վայրում» հայտնվելուն
Հանրահայտ դերասան Լեոնարդո դի Կապրիոն իր փառքը վերագրել է «ճիշտ ժամանակին ճիշտ վայրում» հայտնվելուն, գրում է Wonder Wall-ը:
Լեոնարդո դի Կապրիոն հանդիսանում է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող աստղերից մեկը: Վերջին երեք տասնամյակների ընթացքում նա նկարահանվել է տասնյակ ֆիլմերում, ներկայացվել է հեղինակավոր մրցանակների, արժանացել «Օսկար» հեղինակավոր մրցանակին:
Սակայն, ինչպես հաղորդում է աղբյուրը, իր հաջողությունների մասին խոսելիս 44-ամյա դերասանը չափազանց համեստ է և նույնիսկ իր հաջողությունը վերագրում է իր «բախտին»:
Այն հարցին, թե ինչպես է կարողանում դիմակայել փառքին, դերասանը խոստովանել է. «Չգիտեմ: Ես մեծացել եմ այս ոլորտում, այդ պատճառով իմ ընկերներից շատերը դերասաններ են։ Ես գիտեմ, թե որքան դժվար է աշխատանք գտնել, և նաև գիտեմ, թե որքան բախտավոր եմ, որ ճիշտ ժամանակին հայտնվել եմ ճիշտ վայրում: Եթե այդպես չլիներ, իմ կյանքը բոլորովին այլ ընթացք կստանար»:
Նա նաև խոստովանել է, որ իր կարիերայի հատկապես սկզբում երբեմն հիասթափություններ է ունեցել:
«Կարծում եմ՝ յուրաքանչյուր ոք իր կարիերայի ինչ-որ պահի իրեն օտարացած է զգում մյուսներից»,-խոստովանել է դերասանը:
Դի Կապրիոն նաև մի քանի խորհուրդ է տվել սկսնակ դերասաններին: Նրա խոսքով՝ կինոարտադրություն մուտք գործելու կարևոր նախապայմաններից մեկը շատ ֆիլմեր դիտելն է:
«Առաջին բանը, որ խորհուրդ եմ տալիս բոլոր նրանց, ովքեր հարցնում են ֆիլմում նկարահանվելու և այդ աշխարհ մուտք գործելու մասին, այն է, որ մանրամասն ուսումնասիրեն բոլոր ժամանակների ֆիլմերը»,- հայտնել է դերասանը և հավելել, որ ինքը նույնպես մինչ օրս շատ ֆիլմեր է դիտում:
Նշենք, որ դերասանը գլխավոր դերով հանդես է եկել Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում, որի պրեմիերան տեղի է ունեցել հուլիսի 22-ին:










