Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արցախում Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ նրան «թույլ քաղաքական գործիչ» անվանելով
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ունեցած ելույթին:
Ինչպես փոխանցում է Minval.az-ը, գերատեսչությունից նշել են, որ ելույթ ունենալով Ստեփանակերտում՝ Հայաստանի վարչապետն «իրականությունից հեռու պոպուլիստական հայտարարություններ է հնչեցրել, ինչը ցույց է տալիս նրա անտեղյակությունը տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից և նրա թուլությունը որպես քաղաքական գործիչ»:
ԱԳՆ հայտարարության համաձայն՝ «ՀՀ վարչապետի հայտարարությունը հակասում է հակամարտության կարգավորման շուրջ տարվող երկարամյա բանակցությունների էությանը»:
Նախօրեին ելույթ ունենալով Ստեփանակերտում՝ Նիկոլ Փաշինյանը թվարկել է խոշոր խնդիրներն ու մարտահրավերները, որոնք Հայաստանը պետք է լուծի մինչև 2050 թվականը: Վարչապետն ընդգծել է, որ իր ելույթում չի հիշատակում Արցախը, քանի որ «Արցախը Հայաստանն է և վերջ»:
«Ուզում եմ ընդգծել, որ սա մեր ռազմավարական նպատակների աշխատանքային տարբերակն է, ինչը նշանակում է, որ այն պետք է հղկվի քննարկումների արդյունքում: Նույնքան կարևոր է ձևակերպել և ունենալ այդ նպատակներին հասնելու ճանապարհային քարտեզը, այն կոնկրետ քայլերը, որոնք ծրագիրը պետք է վերածեն մեգանպատակների գործնական իրագործման: Պետք է նաև արձանագրել, որ մենք այս նպատակների համապարփակ իրականացումը տեսնում ենք մինչև 2050 թ., դա ամենևին չի նշանակում, որ այդ նպատակների մի մասը չի կարող իրագործվել ավելի շուտ: Մենք այդ նպատակների իրականացման համար աշխատում ենք այսօրվանից»,- ասել է Փաշինյանն իր ելույթում:










