Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 մլն-ի, ստեղծել 1.5 մլն աշխատատեղ, նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ և շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը. ՀՀ վարչապետի ելույթը Ստեփանակերտում

21:15 • 05.08.19

Արցախի Վերածննդի հրապարակից ողջունում եմ Հայատսանի Հանրապետության, Արցախի ու համայն աշխարհի հայությանը և ուզում եմ ոգեկոչել այն կարգախոսը, որից 1988-ին թնդում էր այս հրապարակը՝ Վերածնդդի այս հրապարակը՝ Միացում, միացում:

Այս կերպ Արցախի Վերածննդի հրապարակում իր ելույթը սկսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնուհետև առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Արցախյան հերոսամարտի բոլոր նահատակների հիշատակը, որովհետև «նրանք իրենց անձնազոհությամբ ու նվիրումով հնարավոր դարձրին այս օրը, երբ ՀՀ վարչապետը Ստեփանակերտի վերածննդի հրապարակում կարող է հանդես գալ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ապագային վերաբերող ելույթով»:

Նահատակների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուց հետո ՀՀ վարչապետը շարունակեց իր ելույթը.

«Եվ որպես մեր նահատակների, Արցախյան ազատամարտի բոլոր մասնակցիների, Հայոց բանակի գեներալների, սպաների, զինվորներին մատուցվող հարգանքի տուրք՝ ելույթս ուզում եմ սկսել անսովոր կերպով. նախ՝ կարդալով իմ այն բանաստեղծությունը, որը գրել եմ 2016 թվականին՝ Մարտակերտի շրջանում՝ որպես պաշտպանության բանակի կամավոր՝ մարտական հերթապահություն իրականացնելիս: Բանաստեղծությանը վերնագրված է՝ «Հայոց զորքը՝ հարթավայրում»:

Եվ այսպես.

Տիգրանի քաղաքի լանջերից,

Հորիզոնն է ծփում անսահման

Դարեր անց մենք այստեղ ենք նորից

Մենք կանգնած ենք հեռվին հանդիման:

Մեր սարերը, մեր բախտը, մեր լացը,

Մենք ճեղքել ենք, հաղթել ենք նրանց,

Հորիզոնն այստեղ՝ մեր դիմաց է

Թիկունքնում մեր արտերը կանաչ…»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս օրերին Արցախում հավաքվել են համահայկական խաղերի բացման առիթով, սակայն այդ միջոցառումն առիթ է տվել կազմակերպել այս հանրահավաքը:

«Համահայկական հեղափոխության առանցքային արդյունքը պետք է լինի այն, որ մեր իրականության մեջ երկար տարիներ գերիշխանած հատվածականությունը պետք է փոխարինվի համահայկականությամբ: Սա առաջին հերթին նշանակում է, որ մենք պետք է հրաժարվենք այն մտածելակերպից, երբ իրար բաժանում էինք ղարաբաղցիների, իջևանցիների, գյումրեցիների, սփյուռքահայերի: Սա ամենևին չի նշանակում, թե մենք պետք է հրաժարվենք մեր ծննդավայրից, նրա նկատմամբ մեր ունեցած զգացմունքներից: Դա ընդամենը նշանակում է, որ մեզնից յուրաքանչյուրի համար մեր ծագումը պետք է լինի մեզ՝ համայն հայության մաս դարձնող, այլ ոչ նրանից անջատող, առանձնացնող գործոն»:

Ելույթի ընթացքում վարչապետ Փաշինյանն իր օրինակով հորդորեց ներկաներին վանկարկել՝ «միացում-միացում-միացում»:

Այնուհետև վարչապետ Փաշինյանը շարունակեց՝ նշելով, որ տարաբաժանման նույն խնդիրը կա նաև սփյուռքում, երբ բաժանում են պարսկահայի, սիրիահայի, լիբանանահայի միջև: Վարչապետը նշեց, որ Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ստեղծումը նպատակ ունի նաև ստեղծել այնպիսի միջավայր, որ Սփյուռքն իրեն զգա Հայաստանի գործերի լիարժեք շահառու:

«Համահայկականության հաջորդ կարևոր դրսևորումը պետք է լինի ուժերի մեկտեղումը ընդհանուր նպատակների իրագործման համար, իսկ մեր ընդհանուր նպատակը կարող է և պետք է լինի միայն ու միայն Հայաստանի և Արցախի զարգացումը՝ բառիս բոլոր՝ անվտանգային, տնտեսական, աշխարհաքաղաքական իմաստներով: Հայաստանում և Արցախում արձանագրված տնտեսական և քաղաքական հաջողությունները կհզորացնեն նաև Սփյուռքը:

Հարկ եմ համարում ասել, որ Սփյուռքի հզորացում ասելով՝ նկատի ունեմ արտերկրում ապրող հայերի թվի և ազդեցության աճը, ոչ ամենևին Հայաստանից տեղի ունեցող արտագաղթի աճը: Գիտեք, որ դեպի Հայաստան ներգաղթ հարուցելը Կառավարության ծրագրային առաջնահերթություններից է, հետևաբար բոլորիդ մոտ հարց է առաջանում՝ ինչպես է հնարավոր, որ Հայաստանից արտագաղթը դադարի, Սփյուռքից դեպի Հայաստան ներգաղթ սկսի, իսկ Սփյուռքում ապրող հայերի թիվը ավելանա: Խնդիրն այն է, որ ինչպես երկար տարիների արտագաղթից տառապում է Հայաստանը, շատ երկար տարիներ արտագաղթից տառապում է նաև Սփյուռքը: Հայաստանից արտագաղթը արտահայտվում է նրանով, որ մեր հայրենակիցները հեռանում են հայրենիքից և ապրում են որևէ օտար երկրում: Սփյուռքից արտագաղթը արտահայտվում է նրանով, որ մեր հայրենակիցները ավելի ու ավելի պակաս են ներգրավված լինում հայկական օրակարգերում և հայկական կյանքում: Սրա հետևանքով ավելի ու ավելի պակաս են շփվում Հայաստանի ու հայության հետ, սրա հետևանքով թուլանում է կապը հայկական իրականության հետ, ապա կորսվում է հայոց լեզուն, թուլանում է հայկական ինքնության զգացողությունը, ապա՝ կորսվում: Այս երևույթը, առաջին հերթին այս երևույթը, հասկանալիորեն, ազդում է Սփյուռքի երիտասարդների վրա, ինչն առավել ցավոտ է դարձնում Սփյուռքից արտագաղթի այդ գործընթացը»:

Վարչապետի խոսքով՝ Հայաստանի և Արցախի զարգացումը, որպես մրցունակ, գրավիչ, տեխնոլոգիական երկիր, պետք է մեծ հայրենադարձության ամենահզոր խթանը դառնա, և ոչ միայն Հայաստանից ու Արցախից արտագաղթածները պետք է վերադառնան հայրենիք, ոչ միայն միլիոնավոր սփյուռքահայեր պետք է վերադառնան հայրենիք, այլև Սփյուռքից միլիոնավոր հայեր պետք է նորից հետաքրքրվեն իրենց հայկական ինքնությամբ, օրակարգով և վերադառնան հայկական իրականություն:

«Հայաստանի Կառավարությունն արդեն երկար ժամանակ աշխատում է Հայաստանի երկարատև զարգացման մեգանպատակների շուրջ, որոնք, մեր կարծիքով պետք է համախմբեն համազգային ներուժը, կենտրոնացնեն մեր ազգային ռեսուրսները այդ նպատակին հասնելու համար:

Մինչև 2050 թ. պետք է կարողանանք լուծել հետևյալ խնդիրները. Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 մլն մարդու, ստեղծել 1 մլն 500 հազար աշխատատեղ, լուծել 2 մլն 500 հազար մարդու զբաղվածության հարց և վերացնել աղքատությունը, Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր, 15-ապատկել Հայաստանի ՀՆԱ-ն, ունենալ 10 մլրդ դոլար արժեքը գերազանցող առնվազն 5 հայկական տեխնոլոգիական ընկերություն և 10 հազար աշխատող ստարտափ, 7-ապատկել միջին աշխատավարձը, բանակի մարտունակության ցուցանիշով տեղ զբաղեցնել աշխարհի առաջատար երկրների առնվազն 20-յակում, ունենալ աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը, ապահովել առողջապահական ծառայությունների 100 տոկոսանոց հասանելիություն և առողջապահության ֆինանսավորումը 20-ապատկել, կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ, կրթության և գիտության ֆինանսավորումը 20-ապատկել, Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 15 մլն-ի, Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի և/կամ աշխարհի առաջնության մեդալակիր, նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ և շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը:

Համոզված եմ՝ ձեզնից շատերը հարցնում են՝ ինչու Արցախի մասին ոչինչ ասված չէ, պատասխանը շատ պարզ է՝ Արցախը Հայաստան է և վերջ: Ուզում եմ ընդգծել, որ սա մեր ռազմավարական նպատակների աշխատանքային տարբերակն է, ինչը նշանակում է, որ այն պետք է հղկվի քննարկումների արդյունքում: Նույնքան կարևոր է ձևակերպել և ունենալ այդ նպատակներին հասնելու ճանապարհային քարտեզը, այն կոնկրետ քայլերը, որոնք ծրագիրը պետք է վերածեն մեգանպատակների գործնական իրագործման: Պետք է նաև արձանագրել, որ մենք այս նպատակների համապարփակ իրականացումը տեսնում ենք մինչև 2050 թ., դա ամենևին չի նշանակում, որ այդ նպատակների մի մասը չի կարող իրագործվել ավելի շուտ: Մենք այդ նպատակների իրականացման համար աշխատում ենք այսօրվանից»:

Վարչապետ Փաշինյանն ասաց, որ այս հայտարարությունից հետո կլինեն կարծիքներ, քննարկումներ՝ իրատեսական են նշված նպատակները, թե ոչ: Վարչապետը նշեց՝ նպատակների իրագործման համար պետք է կենտրոնացնել համայն հայության ուժերն ու ռեսուրսները. «Պետք է այդ ռեսուրսների ու ներուժի համակարգումն իրականացնել: Այսօր էլ հայաստանյան ու սփյուռքի բազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ գնահատանքի արժանի գործունեություններ են ծավալում Հայաստանում ու Արցախում, և մեր խնդիրը պետք է լինի այդ գործունեությունների արդյունավետության բարձրացումը: Շատ են ասում՝ կապիտալը, ներդրումը հայրենիք չունի, բայց կրկին ու կրկին ինձ թույլ կտամ չհամաձայնել նման ձևակերպման հետ, որովհետև հայկական կապիտալը հայրենիք ունի. այդ հայրենիքը Հայաստանն է, Արցախն է»:

Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 մլն-ի, ստեղծել 1.5 մլն աշխատատեղ, նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ և շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը. ՀՀ վարչապետի ելույթը Ստեփանակերտում